Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է, որ երեկվանից թույլատրվել է Լեհաստանից և Գերմանիայից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Հաղորդագրության համաձայն, ծառայությունը վերացրել է ավելի վաղ սահմանած ներմուծման արգելանքը՝ հիմք ընդունելով հիշյալ երկու երկրներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը: