Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկում են Amnesty International-ի անդամների գործով լսումները


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչ, արխիվ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչ, արխիվ

Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում այսօր մեկնարկում են անցած հուլիսին ձերբակալված Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչի, գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերի և մյուս ակտիվիստների դատական գործով առաջին լսումները:

Հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում թվային անվտանգության և տեղեկատվության կառավարման թեմայով սեմինարի ժամանակ ձերբակալված 10 ակտիվիստների թվում են նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին:

Ձերբակալված իրավապաշտպաններից 6-ը կալանավորված են, նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու, իսկ կազմակերպության նախագահ Թաներ Քըլըչը՝ զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:

Թուրքական դատախազությունը մեղադրյալների համար 10 և 15 տարվա ազատազրկում է պահանջում:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ակտիվիստները կալանքի տակ կմնան մինչև դատական լսումները:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը թուրքական իշխանություններին բազմիցս կոչ է արել ազատ արձակել կալանավորված ակտիվիստներին՝ սուր քննադատություն հնչեցնելով պաշտոնական Անկարայի հասցեին:

Ավելի վաղ, իրավապաշտպան կառույցի Եվրոպայի գծով տնօրեն Ջոն Դալհուսենը հայտարարել էր, թե ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կեղծ են:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ևս բոլորովին անհիմն և անընդունելի էր որակել Թուրքիայի դատախազության կողմից պահանջվող պատժաչափը:

Հայտնի իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստների ձերբակալությունն ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Անկարայի և Եվրամիության միջև: Միջադեպից կարճ ժամանակ անց Գերմանիան հայտարարեց, որ մտադիր է վերանայել Թուրքիային զենք-զինամթերք մատակարարելու հարցը՝ պաշտոնական Անկարայի պահվածքը համեմատելով կոմունիստական Արևելյան Գերմանիայի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակարգը՝ հակադարձելով Եվրամիությունից հնչող քննադատություններին, հայտարարում է, որ Եվրոպան պարզապես չի գիտակցում, թե ինչպիսի մարտահրավերների է բախվել Թուրքիան անցած տարվա ռազմական հեղաշրջման փորձից հետո:

2016-ի հուլիսյան իրադարձություններից հետո Էրդողանի վարչակազմը շուրջ 50 հազար մարդու է ձերբակալել, ևս 150 հազար քաղծառայողներ զրկվել են աշխատանքից:

Իրավապաշտպանները պնդում են, թե Էրդողանն օգտագործում է հեղաշրջման փորձը՝ իր բռնապետական կառավարումն ամրապնդելու համար:

Անցած շաբաթ Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդները՝ քննարկելով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հարցը, համաձայնել են նվազեցնել այդ երկրին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, քանի որ Անկարան նահանջ է արձանագրել օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարցում իր ստանձնած պարտավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG