«Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նախարարը կարծիք է հայտնել, թե լարվածությունը պայմանավորված է «դիպուկահարների պատերազմով»: Նա հավելել է, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է հայ զինծառայող, համարժեք պատասխանը չի ուշացել:
ԼՂ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը «ՍՊԱՅԿ» է կիրառել երկու օր անընդմեջ՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին: Լևոն Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը չի պատասխանել, քանի որ գտնում է, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա:, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն միանշանակ պատասխանն ավելի ցավոտ է լինելու:
«Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և այս հարցերը քննարկելու ենք նրանց հետ», - ասել է Մնացականյանը:
Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացառեց լայնածավալ պատերազմական գործողությունները: Հայ-ադրբեջանական հանդիպումներին անդրադառնալով՝ ասաց, թե կարծում է, որ առայժմ դրանք արդյունավետ չեն լինի․ - «Եթե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները բացարձակապես չեն պահպանվում Ադրբեջանի կողմից, և ինձ թվում է, որ դրանք այն նախապայմաններն են, որ նա պետք է նախ կատարի, որ դրանից հետո մենք խոսենք արդյունավետության մասին»:
Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները։ Հայկական կողմն էլ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:
Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները, չհիշատակելով կոնկրետ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար։
Այդ հայտարարությունը որոշ փորձագետների առիթ էր տվել կարծելու, թե Հայաստանը հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Հայաստանը կպնդի, որ այդ պայմանավորվածությունները կատարվեն:
«Մենք որևէ անգամ մեր նախապայմաններից, մեր պայմանավորվածություններից չենք հրաժարվում: Մենք հոգեհարազատ ենք 1994 թվականի պայմանագրից մինչև այսօր որևէ մեկ անգամ մենք չենք հրաժարվել մեր պարտավորություններից: Հրաժարվողը եղել է մեր հակառակորդը՝ անկանխատեսելի իր քայլերի մեջ», - պատասխանեց Բաղդասարյանը:
«Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի հարցով կազմակերպվող հանդիպումներից, դա ճիշտ չի ընկալվի», - շարունակեց նա: - «Մենք նորից գնում ենք ցանկացած հանդիպման, որպեսզի մենք խաղաղ բանակցային ճանապարհով կարողանանք այս հարցերը կարգավորել, որը չեմ կարծում, որ առայժմ, այս պայմաններում կարող է արդյունավետ լինել, որովհետև նորից եմ կրկրում՝ մեր թշնամին անկանխատեսելի է»:
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հուժկու գործողությունների անցնի և պատերազմով հարցը լուծել ցանկացող Ադրբեջանին պարտադրի խաղաղություն․ - «Ինչո՞ւ պիտի բոլորը դառնան պատանդ Ադրբեջան այդ քմահաճույքի: Ինքը փաստորեն խոչընդոտում է, արգելափակում է այդ մեխանիզմների ամրագրման գործընթացը, որը ուղղակի հստակ ցույց կտա, թե ով է խախտում հրադադարը: Էդ ռեժիմի հաստատման և խախտման հետ կապված մեխանիզմներ կան հստակ, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս տեղադրվեն: Օրինակ, ո՞վ է խանգարում, որ դա տեղադրվի հայկական կողմերից: Այսինքն՝ Հայաստանը և Ղարաբաղը երբեք դրա դեմ չեն խոսել»:
Ռուստամյանի կարծիքով նույնպես ցանկացած հանդիպման գնալը ճիշտ է, քանի որ «այլընտրանքը լայնածավալ պատերազմն է»:
«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանն այժմ մեկ խնդիր պետք է փորձի լուծել․ - «Պիտի վստահության մթնոլորտ ձևավորվի բանակցությունները իրական, ոչ թե իմիտացիոն, վերսկսելու համար: Իսկ վստահության մթնոլորտ կարող է ձևավորվել, եթե Ադրբեջանը հարգի վերջապես իր ստորագրությունը և սկսի, օրինակ, սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների կատարումը»: