Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով նոր դատավարությունը մեկնարկեց բոլորովին այլ մթնոլորտում


«Սասնա ծռերի» գործով նոր դատավարությունը այսօր մեկնարկեց բոլորովին այլ մթնոլորտում․ ի տարբերություն Արտուշ Գաբրիելյանի, դատավոր Արթուր Օհանյանը սանկցիաներ չկիրառեց ոտքի չկանգնող մեղադրյալների նկատմամբ, հետաքրքրվեց նրանց առողջությամբ:

Էրեբունու դատարանի նախագահ Օհանյանը նաև պարտաճանաչության համար գովեստի խոսքեր հնչեցրեց նիստին ներկայացած փաստաբանների հասցեին: Նա չէր ընդհատում մեղադրյալներին, թույլ տվեց որ պատմեն՝ ինչու զենք վերցրին:

«Սասնա ծռերը» դժգոհում են առաջադրված մեղադրանքից, Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամը, բացարկ հայտնեց մեղադրող դատախազներին, ասաց՝ նրանց գրած մեղադրական եզրակացությունում ոչինչ չի ասվում իրենց գործողության դրդապատճառների մասին:

«Գրված չի, որ պահանջվել է իշխանափոխություն, բացի դրանից՝ նախագահ կոչեցյալի հրաժարականը», - ընդգծեց Արամ Մանուկյանը:

«Դեդ» մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հստակեցրեց՝ «ապստամբություն» եզրույթը տեղ չի գտել մեղադրականում, իրավապահները շրջանցում են ոստիկանական գնդի գրավման պատճառները: - «Որևիցե տեղ նշված չէ, թե մենք ինչ են արել ու ինչի համար ենք արել», - հայտարարեց Հակոբյանը:

Հովհաննես Հարությունյանը պատմեց՝ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին է Հայաստան եկել՝ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ առաջնագիծ գնալու համար: - «Մեր հրամանատարին ապօրինի կերպով ձերբակալեցին, ասացին՝ չգիտենք ինչ․․․ նույն ձև էլ մեղադրանք են առաջադրել ինձ», - նշեց նա:

Ոստիկանական գնդի տարածքում հրազենային վնասվածքը, ըստ Հարությունյանի, մահափորձ էր, դատարանին պատմեց՝ բժշկական օգնություն չի ստանում: - «Բացի այն, որ առաջին օրը գնդակներ են հանել ոտիս միջից, մինչև հիմա ոտիս մեջը լիքը «ասկոլկեք», ձեռքիցս բարակ է արդեն իմ ոտքը», - պատմեց նա: - «Ու ես մի խցում եմ մնում, որը կարցեր ա․․․ 1.5 լենքն ա, 4 մետր երկարությունը: Բետոն ա, ոչ մի բան չկա ըդտեղ: Չափից ավելի հայրենասիրությունը նշանակում ա, որ պետք ա էդ մարդուն ոչնչացնել»:

Մեղադրողին ներկայացված միջնորդությանը միացան բոլոր ամբաստանյալները, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին կասկածի տակ դրեց դատախազների անաչառությունը: - «Այն, որ նույնիսկ ուղղաթիռներով համապատասխան թռուցիկներ էին բաժանում ու ասում, որ եթե ինքնակամ, և այլն․․․ ապա էդ խրախուսող նորմերը գոյություն ունեն․․․ վերջին հաշվով՝ պետություն է սա և չի կարելի պետական մի մարմինը մի բան անել, այն մյուսն էլ ուրիշ բան անել։ Այսինքն, խաբենք, ասենք կամավոր ներկայացեք՝ մենք ձեզ կազատենք քրեական պատասխանատվությունից»:

Առարկելիս դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ փորձեց ճշտել՝ ինչու՞ դատավորը չի պատժում մեղադրյալներին ոտքի չկանգնելու համար: Այս հայտարարությունը հարուցեց զինված խմբի անդամների զայրույթը:

«Դուք ինչ է՝ կարծում եք մենք չե՞նք հասկանում, ոտքի պետք է կանգնենք, թե չկանգնենք: Երբ որ դատարանը կլինի անաչառ, ես բոլորի ներկայությամբ հայտարարում եմ՝ այո՛, ես ոտքի կանգնեմ», - հայտարարեց մեղադրյալներից մեկը:

«Ոչ միայն ոտքի կկանգնենք, այլ նաև կխոնարհվենք», - հավելեց մեկ ուրիշը:

Մոտ մեկ ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ դատարանը մերժեց միջնորդությունը:

Հաջորդ շաբաթ մեկնարկում է այս գործով երրորդ դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Ավելի քան չորս ամիս երկու վարույթով քննելով գործը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը այդպես էլ չավարտեց նախապատրաստական փուլն ու որոշեց այն երեք մասերի բաժանել՝ իր և երկու գործընկերների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG