Մատչելիության հղումներ

Քսենիա Սոբչակը կրկին հայտարարում է, թե նախագահական ընտրություններին առաջադրելու որոշումը կայացրել է «ինքնուրույն»


Գալիք տարի Ռուսաստանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Քսենիա Սոբչակը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Նա, մասնավորապես, ասել է, որ չի վիրավորելու Պուտինին, որպես մարդու․ - «Բայց դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ անում է Պուտինը, որպես քաղաքական գործիչ»:

«Նա ժամանակին իմ հորն է փրկել», - հայտարարել է նախկին լրագրողը, Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը:

Ի տարբերություն Ալեքսեյ Նավալնու, Քսենիա Սոբչակն այսօր հստակ պատասխանել է Ղրիմի մասին հարցին՝ ասելով․ - «Միջազգային նորմերի համաձայն, Ղրիմը միանշանակ Ուկրաինայի տարածքն է»:

Նա պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ընդ որում, Քսենիա Սոբչակի և նրա թիմի համար քաղբանտարկյալներ են նաև տնային կալանքի տակ գտնվող ռեժիսոր Կիրիլ Սերեբրյաննիկովը, Ալեքսեյ Նավալնու եղբայրը՝ Օլեգ Նավալնին, PBK-ի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը:

Այսօր Սոբչակը ներկայացրել է իր թիմի անդամներին: Նրա նախընտրական շտաբը ղեկավարելու է քաղաքագետ Իգոր Մալաշենկոն, ով 1996-ին ղեկավարել է Բորիս Ելցինի նախընտրական շտաբը: Սոբչակի թիմում են նաև «Ռոսնանո»-ի ղեկավար, Ռուսաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Անատոլի Չուբայսի կինը՝ գրող, ռեժիսոր Ավդոտյա Սմիռնովան, հայտնի լրագրող Անտոն Կրասովսկին:

Իգոր Մալաշենկոյի կինը հանրահայտ սկանդալային լրագրող Բաժենա Ռիլսկան է, ով համարվում է Քսենիա Սոբչակի թշնամին: Երբ Սոբչակը հայտարարել էր նախագահ առաջադրվելու իր որոշման մասին, Ռիլսկան ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում էր արել Սոբչակի հասցեին: Բաժենա Ռիլսկան Ալեքսեյ Նավալնու կողմնակիցներից է:

Քսենիա Սոբչակը այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու որոշումը ինքնուրույն է կայացրել, չի համաձայնեցրել Պուտինի հետ:

Ռուսաստանում, մինչդեռ, բոլորը համոզված են, որ 2018-ի մարտին երկրի նախագահ չորրորդ անգամ ընտրվելու է Վլադիմիր Պուտինը:

Սոբչակը ասում է, թե իր հիմնական նպատակը գործող ընտրական համակարգը փոխելն է․ - «Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է այսօր կատարվում: Սրանք ընտրություններ չեն: Այն, ինչ մենք տեսնում ենք, թարկարժեք շոու է, ոչ թե ընտրություն»:

Նախօրեին Սոբչակը հայտարարել էր, որ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այնուամենայնիվ գրանցի Ալեքսեյ Նավալնուն որպես նախագահի թեկնածու, ինքը կհանի իր թեկնածությունը՝ հօգուտ Նավալնու:

Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավար Իգոր Մալաշենկոն հայտարարել է, որ համաձայն չէ Քսենիայի հետ և չի կարծում, թե Նավալնուն գրանցելու դեպքում Սոբչակը պետք է հանի իր թեկնածությունը:

Ռուսաստանցի փորձագետները մեծ մասը համարում է, որ Սոբչակի մասնակցությունն ընտրություններին Կրեմլի սցենարն է: Նրա հիմնական կարգախոսը, հիշեցնեմ, հետևյալն է․ «Ընտրելով ինձ՝ դուք բոլորին դեմ եք քվեարկում»: Այսինքն՝ ավանդական թեկնածուներ Ժիրինովսկու, Զյուգանովի, Յավլինսկու և Պուտինի դեմ:

««Նեզավիսիմայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի կարծիքով, մինչդեռ, Սոբչակի և Նավալնու միջև կա հստակ տարբերություն․ - «Սոբչակը դեմ է բոլորին, իսկ Նավալնին դեմ է Պուտինին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG