Այսօր պաշտոնական այցով Երևան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի վարչապետն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև մեկնարկեց Կարապետյանի և Մեդվեդևի առանձնազրույցը, որին հաջորդելու են ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վաղը Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։