Իրավապաշտպանի խոսքով, հանցավորության դեմ պայքարում ոստիկանությանը քննադատելով՝ Սերժ Սարգսյանը կարծես թե մոռանում է, որ Վլադիմիր Գասպարյանը հենց իր հրամանով ու համաձայնությամբ է արդեն 6 տարի զբաղեցնում ոստիկանապետի պաշտոնը, ու բարձրաստիճան այլ սպաների հետ գրեթե ամեն տարի բարձրագույն պարգևների արժանանում։
«Ապրիլի 2-ին նախորդող օրը զանգվածային ընտրակաշառքներ են եղել, ահազանգեր: Էդ նույն ժամանակ էդ նույն ոստիկանությունից ինքը պահանջներ ներկայացրե՞լ է, որ էս ի՞նչ եք անում, աշխատե՛ք, հետևե՛ք, բռնե՛ք, կանխե՛ք, պատասխանատվության ենթարկեք: Պարզ չի, որ ոստիկանությունը տեսնում ա, որ անպատիժ փող են բաժանում, հանցագործություն են կատարում, ինքն էլ անպատիժ վարքագիծ ա դրսևորելու», - ասաց Սաքունցը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցնենք, երեկ երեկոյան կոշտ քննադատության է ենթարկել ոստիկանության գործունեությունն ու որոշ ոստիկանների վարքագիծը: Ելույթ ունենալով ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, փաստել է, որ վերջին շրջանում ավելացել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը․ - «Ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ: Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը»:
Նախագահը հիշեցրել է 2013 թվականի իր նախընտրական «Ապահով Հայաստան» կարգախոսը ու փաստել, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյոք սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են։ Նախագահը շեշտել է, որ ապահով երկրների շարքում Հայաստանը միջազգային կառույցների գնահատականներով նահանջ է արձանագրել, այն պարագայում երբ հարևան երկրների մոտ պատկերը հակառակն է։
«Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին», - ասել է նախագահը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ միջազգային կառույցների գնահատականները առավելապես հիմնված են պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունների վրա, մինչդեռ Սերժ Սարգսյանը, ըստ իրավապաշտպանի, իր ելույթում ցույց է տալիս, որ ոստիկանության թիրախը պետք է լինի ոչ թե կոռումպացված պաշտոնյան, այլ միայն հանցագործություն կատարող շարքային քաղաքացին․ - «Կարծես թե Հայաստանի Հանրապետությունում բոլոր հանցագործություն կատարողները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են»:
Իրավապաշտպանի եզրահանգումների հետ համակարծիք չէ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ նախագահի խոսքը կառուցողական, ռեալ, թերությունները վերհանող ու դրանց համար լուծումներ առաջարկող հայտարարություն էր․ - «Ոստիկանությունը ե՞րբ է, որ այսպես ասած, աբսոլյուտ գովասանքի արժանացել։ Կամ ե՞րբ է, որ ոստիկանության գնահատականը միանշանակ եղել է գերազանց: Էդպիսի բան ես երբևէ չեմ հիշում: Հենց ոստիկանությունը իր գործառույթը իրականացնելիս, բնականաբար, պիտի նաև ունենա էսպիսի «բացթողումներ»՝ ոչ իր կամքից ելնելով: Ընդհանրապես ոստիկանության աշխատանքը շատ բարդ է, և հարյուր տոկոս իրագործել հնարավոր չէ»:
Ալիկ Սարգսյանը չի կարծում, թե Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ կան։ Նախկին ոստիկանապետի պնդմամբ, հանցագործությունների կանխարգելման հարցում օբյեկտիվ պատճառներ կան՝ սահմանափակվել են ոստիկանության լիազորությունները․ - «Ուստի ոստիկանությունը, կամա թե ակամա, ուզած թե չուզած, որդեգրել է էն զգուշավորության վիճակը, որ ամեն տեղ չփորձել զենք-զինամթերք փնտրել: Որովհետև չգտնվելու դեպքում էդ ոստիկանները հաստատ աշխատանքից կհեռացվեն»:
Նախագահը նշել է, որ ոստիկանությունը արդյունավետ չի աշխատում հատկապես հետախուզվող անձանց հայտնաբերելու հարցում։ Սերժ Սարգսյանը փաստել է, որ վերջին տարիներին հետախուզվողների ընդամենը 30 տոկոսն է հայտնաբերվել․ - «Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչև 2017 թվականը որևէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել»:
Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև նաև ճանապարհային ոստիկանության որոշ պետավտոտեսուչների վարքագիծը․ - «Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով»:
Ոստիկան
ների իրավաչափ վարքագիծ ձևավորելու համար, ըստ նախագահի, նախևառաջ պետք է որ ղեկավար կազմը դրսևորի նման վարքագիծ։