Մատչելիության հղումներ

ՀՀ փոխարտգործնախարարն ու ԵՄ դեսպանը «հուսով են», որ համաձայնագիրը ժամանակին կստորագրվի


ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյան և Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2017 թ․
ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյան և Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2017 թ․

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավաստիացնում է, որ Եվրամիությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերն ու միջոցները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ հնարավորինս շուտ ստորագրման համար: ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները կարգավորող այդ փաստաթղթի ստորագրումը, հիշեցնենք, նախատեսված է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

«Ինչպես կարող եք պատկերացնել՝ սա ենթադրում է անձնվեր ջանքեր եվրոպական բոլոր ինստիտուտների և անդամ երկրների կողմից: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս գործընթացները հնարավորինս արագ ավարտին հասցվեն»,- «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր ասաց ԵՄ դեսպանը:

Մոտ երկու շաբաթ առաջ, երբ հրապարակվեց համաձայնագրի տեքստը, որոշ փորձագետներ չբացառեցին, որ փաստաթղթի ստորագրումը կարող է ձգձվել: Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն, օրինակ, «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո իր մոտ կարծիք է ձևավորվել, թե նոյեմբերին համաձայնագրի վերջնական ստորագրում չի լինի, քանի որ եվրոպական կողմը ներքին ընթացակարգերի պատճառով պատրաստ չի լինի դրան:

Չնայած նման կարծիքներին, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հույս հայտնեց, որ համաձայնագիրը «կստորագրվի ժամանակին»։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք դրա համար: Շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերն ու ապահովեն համաձայնագրի ժամանակին ստորագրումը: Դուք ինձ գիտեք, հայաստանցիները ևս ինձ շատ լավ են ճանաչում, ես լավատես եմ և հավատում եմ, որ դա վերջնական պաշտոնական տեսքի կբերվի որքան հնարավոր է շուտ»,- այսօր ասաց Սվիտալսկին։

Անցած ամիս ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նոյեմբերին ստորագրել համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը «շուտով ստորագրելու» պատրաստակամության մասին Երևանում մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրեն հայտնի ամենաթարմ տվյալները։ Ըստ դիվանագետի՝ Եվրամիությունն արդեն հասցրել է փաստաթուղթը թարգմանել 23 լեզուներով։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրամիությունը բարձր մակարդակով հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում այդ փաստաթուղթը ստորագրելու համար:

Իմ ունեցած տվյալների համաձայն, դա այսօրվա թարմ տվյալներն են, Եվրամիությունն արդեն հասցրել է 23 լեզուներով թարգմանել համաձայնագիրը, մնացածը տեխնիկական հարցեր են: Այսինքն՝ անդամ երկրներում համաձայնագրի նախագիծը պետք է անցնի համապատասխան ներպետական ընթացակարգեր, որոնք տարբերվում են մեկը մյուսից: Այնպես որ՝ այստեղ տեխնիկական խնդիր է, և որևէ այլ սենսացիոն բան փնտրելը դժվար է»,- ասաց փոխարտգործնախարարը:

Կարեն Նազարյանը հավելեց՝ Եվրամիության անդամ երկրները չեն կարող դեմ լինել համաձայնագրի բովանդակությանը, քանի որ այն նախապես բոլորի հետ համաձայնեցվել է: Հիշեցնենք՝ Հայաստանը շուրջ չորս տարի Եվրամիության հետ բանակցել էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, սակայն, այդ փաստաթուղթն այդպես էլ չստորագրվեց, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին անակնկալ որոշում կայացրեց՝ միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG