«Սերժ Սարգսյանն իր այս ելույթում հիմնական ուղերձն ուղղում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասում է՝ պատրաստ եղեք, ոստիկանության հիմնական գործողություններն ուղղված են լինելու ձեր դեմ», - այսօր նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով երեկ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին Սերժ Սարգսյանի ելույթին։
Նախագահը՝ դիմելով ոստիկաններին, նշել էր «պահի երկու խումբ կարևոր անելիքները»։
«Առաջին. ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները», - ասել էր նախագահը՝ շարունակելով. - «Անելիքների երկրորդ խումբն առավելապես պետք է միտված լինի երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը։ Այստեղ կցանկանայի մի քանի շեշտադրում անել: Նախ, երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր: Այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգևորիչ է: Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով և մրցունակ երկրների շարքում»:
Սաքունցն այս ելույթում ոստիկաններին ուղղված քննադատություն չի տեսնում։
«Նա ոստիկանությանը չի քննադատում, ես չեմ դիտարկում որպես քննադատություն: Այստեղ ես չեմ տեսնում ոստիկանության ղեկավարների, պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կողմից իրավախախտումների դեմ պայքարելու որևիցե խոսք, կարծես թե Հայաստանի Հանրապետությունում բոլոր հանցագործություն կատարողները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ոչ թե ասենք, Հրազդանի քաղաքապետի տղան», - ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Եթե ինքն այստեղ գոնե մի խոսք ասեր, որ օրենքի առջև բոլորը հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է լինի, որը չի ակնարկում, ես կհասկանայի։ Ինքն այստեղ չի խոսում, որ անկախ պաշտոնից, անկախ զբաղեցրած դիրքից, անկախ ունեցվածքից, անկախ քաղաքական պատկանելիությունից, ցանկացած անձի կողմից կատարված հանցագործությունը պետք է բացահայտվի»։