Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բացարձակ կասկած չունի՝ 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը կպահպանվի, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։
Ջոնսոնը նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Թրամփը, հիշեցնենք, կոչ է արել Կոնգրեսին խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները և չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից:
Այդ փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: