Մատչելիության հղումներ

Իրանական կողմում կա կամք Հայաստանին առավել մատչելի գնով գազ մատակարարելու վերաբերյալ. Ռոբերտ Բեգլարյան


Իրանական կողմում կա կամք Հայաստանին առավել մատչելի գնով գազ մատակարարելու վերաբերյալ, այս մասին այսօր «Ազատությանն» ասաց Իրանի Էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարի խորհրդական Ռոբերտ Բեգլարյանը:

«Նման կամք կա, բայց անշուշտ երբ որ բանակցությունների հանգրվան է հանձնվում, գուցե ուրիշ պայմաններ և պարագաներ օրակարգային են դառնում», - նշեց Բեգլարյանը:

Երեք օր առաջ Հայաստանի Էներգետիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար Հայաստանը չի գնում իրանական գազը:

«Գուցե այս հայտարարությունները գալիս են հետագա բանակցությունների և սակարկումների ենթահողը պատրաստելու», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայազգի խորհրդականը: - «Բայց ինչպես արդեն փորձն է ցույց տվել, Իրանի կողմից որևիցե խոչընդոտ չպետք է լինի այդ հարաբերությունները պահպանվի, ընդլայնվի և վերաբանակցվի, քանի որ Իրանն է շահագրգռված է»:

Հոկտեմբերի սկզբին Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել էր նաև իրանական գազ գնելու հարցը: Այս տեղեկությունը հաղորդած Իրանի նավթի փոխնախարարի ձևակերպմամբ՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում այսօր հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության հարկային ծառայության պատվիրակությունը: Դրա ղեկավար, Իրանի Ֆինանսների ու Էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ քննարկումները Հայաստանին գազի վաճառքի շուրջ շարունակվում են:

«Համատեղ հանդիպումներ եղել են այդ հարցի շուրջ, դեռևս շարունակվելու են: Այդ հանդիպումների շրջանակում համաձայնություններ ձեռք կբերվեն», - նշեց Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարը:

Դեռ չորս տարի առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Հայաստանին, որպես բարեկամ ու հարևան երկրի՝ գազ վաճառել հատուկ, այլ ոչ թե միջազգային գնով: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ Իրանը միշտ էլ առաջարկել է, և հիմա էլ պատրաստ է Հայաստանին ռուսականից ավելի էժան գազ վաճառել, իսկ չգնելու պատճառն ըստ փորձագետի՝ քաղաքական է․ - «Գոնե մինչ հիմա հնչած տեղեկությունների հիման վրա Իրանը ի վիճակի է ոչ միայն այլընտրանք դառնալ Հայաստանում Ռուսաստանից ներկրվող գազի համար, այլ նաև ավելի էժան է: Եվ, բնականաբար, նաև տեղ կա՝ գոնե սիմվոլիկ ավելի էժան գին առաջարկելու»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան ներկրվող գազի զգալի մասը՝ շուրջ 84.5 տոկոսը, ներկրվել է Ռուսաստանից: Մնացյալ շուրջ 15.5 տոկոսը, որ ներկրվում է Իրանից, բնակչությունն ու ձեռնարկությունները չեն սպառում․ դրանից էլեկտրաէներգիա է ստացվում, որը փոխանցվում է հետ Իրանին՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG