Մատչելիության հղումներ

«Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը». USAID-ի երևանյան գրասենյակի ղեկավար


Շուրջ քառորդ է դար է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) աջակցության տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Հայաստանում՝ հանդիսանալով երկրի ամենախոշոր դոնորներից մեկը:

Հրայր Թամրազյանը զրուցել է գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերի հետ․

«Ազատություն». - Տիկին Դեբորա Գրիզեր, ողջունում եմ Ձեզ մեր «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրում, որը Հայաստանում բավականին մեծ լսարան ունի։ Թույլ տվեք սկսել՝ հարց տալով Ձեզ այստեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության մասին: Ո՞րն է ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնական առաքելությունը: Ինչու՞ եք դուք այստեղ:

Դեբորա Գրիզեր. - Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալություն հարցազրույցի համար: Քիչ առաջ Ձեզ հետ արդեն խոսել ենք այն մասին, որ մենք ցանկանում ենք ավելի լավ ներկայացնել այստեղ վերջին 25 տարիների ընթացքում իրականացրած մեր գործունեությունը: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի զարգացմանը: Մենք չէ, որ պետք է ուղղություն ցույց տանք, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը:

«Ազատություն». - Ինչքանով տեղյակ եմ, նախ ԱՄՆ ՄԶԳ-ը աջակցել է Հայաստանի կառավարությանը, կառավարության ծրագրերին: Բայց հետո սկսեց փոխել իր աշխատանքը Հայաստանում` աջակցելով ավելի մասնավոր բիզնեսին, մասնավոր հատվածին: Կարո՞ղ եք պատմել մեզ այդ մասին:

Դեբորա Գիզեր. - Անշուշտ։ Իրականում մեր օժանդակության մեջ տեղի է ունեցել էվոլյուցիա, դրական էվոլյուցիա: Երբ մենք առաջին անգամ եկանք այստեղ 90-ականների սկզբին... իրականում մենք եկանք երկրաշարժից անմիջապես հետո և որոշակի օգնություն ենք տրամադրել այդ արտակարգ իրավիճակում:

«Ազատություն». - Դուք սկսեցիք 1988-ից, այդպես է՞:

Դեբորա Գրիզեր. - Ճիշտ այդպես։

«Ազատություն». - Առանց Հայաստանում գտնվելու:

Դեբորա Գրիզեր. - Ճիշտ այդպես: Մենք եկանք երկրաշարժից հետո օգնություն հասցնելու համար: Եվ հետո՝ 1992 թվականին մշտական ներկայություն հաստատեցինք այստեղ: Այսպիսով, դա 25 տարի առաջ էր: Բայց նույնիսկ այն առաջին տարիներին՝ 1990-ականների սկզբին, մենք հիմնականում փորձում էինք առաջին օգնություն ցուցաբերել՝ տրամադրելով սնունդ, ապաստարան, դեղորայք, վառելիք, որ մարդիկ պարզապես կարողանան իրենց գոյությունը պաշտպանել: Իսկ հետո՝ 90-ականների կեսերին, դա մի քիչ փոխվեց, և մենք սկսեցինք, ինչպես Դուք ասացիք, աջակցել կառավարության բարեփոխումներին: Մենք սկսեցինք աշխատել երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրերի շուրջ: Սակայն դրանք հիմնականում իրականացվել են միջազգային կազմակերպությունների կողմից:

Այնուհետև, վերջերս, հենց վերջին երկու տարիների ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության մեծ մասը՝ ներկայիս ծրագրերի 60 տոկոսը, իրականացնում են տեղական կազմակերպությունները կամ կառավարությունը: Այսպիսով, գաղափարը, ինչպես արդեն ասացի, այն է, որ մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը՝ նրանք առաջնորդում են, իսկ մենք փորձում ենք նրանց աջակցել:

«Ազատություն». - Այսպիսի մի հարց: Ունե՞ք արդյոք միջոցներ, ռեսուրսներ կամ գործիքներ, որոնցով կարող եք հետևել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանին հատկացվող գումարների օգտագործմանը:

Դեբորա Գրիզեր. - Այո՛, ունենք։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք դա անում:

Դեբորա Գրիզեր. - Իրականում իբրև ԱՄՆ կառավարություն մենք ունենք խիստ կանոններ: Եվ ես սերտորեն աշխատել եմ այս ուղությամբ այլ վայրերում, որտեղ պաշտոններ եմ զբաղեցրել: Ուրեմն, կան մի քանի տարբեր մոտեցումներ: Նախ և առաջ, ուզում եմ, որ բոլորը իմանան, որ երբ մենք համաձայնագիր ենք ստորագրում, մենք սկզբում պարզապես չենք ասում՝ «Ահա իքս հարյուր հազար դոլար կամ միլիոն դոլար», այն, ինչ մենք առաջին հերթին անում ենք, գնահատումն է: Մենք այցելում ենք կազմակերպություն կամ պետական մարմին և անցկացնում ենք գնահատում, ֆինանսական գնահատում, դիտարկում ենք նրանց ընթացակարգերը, գործունեությունը և հարցնում. - «Ունե՞ք արդյոք համակարգեր, որ մենք վստահ լինենք, որ կկարողանաք կառավարել տրամադրվող միջոցները»: Այսպիսով, դա սկիզբն է: Այնուհետև ծրագրի իրականացման ընթացքում մենք անընդհատ մշտադիտարկում ենք կատարում, այցելում ենք, որպեսզի համոզվենք, որ աշխատանքը իրականում կատարվում է, բայց մենք նաև ֆինանսական մշտադիտարկում ենք իրականացնում: Մեր անձնակազմում կան աշխատողներ, որոնք իրականում գնում են և պարբերաբար վերստուգում են հաշվապահությունը: Բացի այդ, մեր բոլոր նախագծերը, առնվազն այն ծրագրերը, որոնք ստանում են որոշակի դոլարային գումար, պարտադիր պետք է անցնեն աուդիտ անկախ կազմակերպության կողմից: Եվ վերջապես մենք իրականացնում ենք ծրագրի գնահատումը: Ավելի շատ ուշադրություն է դարձվում նպատակներին, և հիմնականում կրկին վարձում ենք մի արտաքին ընկերություն, որը պարզապես ասում է՝ արդյոք մենք հասե՞լ ենք մեր նպատակին. հնարավոր է, որ ծախսենք ամբողջ գումարը և դա անենք բարեխճորեն, բայց արդյոք հասե՞լ ենք մեր նպատակներին:

«Ազատություն». - Կուզենայի, որ մենք ունենանք նման մեխանիզմներ նաև մեր մյուս ոլորտներում, վերահսկենք, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը ծախսում իր գումարները: Բայց մեկ այլ հարցի անդրադառնամ։ Իրականում դուք մեծ աշխատանք եք կատարում Հայաստանում, արդեն հիշատակել ենք երկրաշարժը։ Դուք փաստորեն հայ ընտանիքների համար 7 հազար տուն եք տրամադրել:

Դեբորա Գրիզեր. - Այո՛:

«Ազատություն». - Կարծում եմ, շատ համեստ եք, չեք պատմում դրա մասին։ Խնդրում եմ, պատմեք մեզ ավելին։ Ի՞նչ եք արել Գյումրիում:

Դեբորա Գրիզեր. - Ուրախ եմ, որ այդ մասին հարցրեցիք, որովհետև դա երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրի մի հրաշալի օրինակ է։ Դրա մեկնարկը, կարծում եմ, եղել է 2001 թվականին, ու այն գործել է մինչև 2005 թվականը: Երկրաշարժից շատ տարիներ անց ԱՄՆ ՄԶԳ-ն պարզել է, որ մարդիկ դեռևս ապրում են տնակներում կամ հանրային տարածքներում: Այնպես որ, մենք աշխատեցինք այդ մարդկանց դուրս բերել տնակներից՝ նրանց համար մշտական կացարաններ ստեղծելով: Այս ամառ ես այցելեցի Շիրազի թանգարան Գյումրիում: Եվ այնտեղ ինձ տրվեց մի վկայագիր, որովհետև ... նույնիսկ մի ընտանիք մոտեցավ ինձ ու ասացին. - «Մենք ապրում էինք այստեղ, և ձեր ծրագրով դուք օգնեցինք մեզ գտնել մշտական տուն: Եվ այնուհետև կարողացանք նաև վերականգնել թանգարանը, որպեսզի այն կրկին դառնա լիարժեք հանրային օգտագործման տարածք»:

«Ազատություն». - Իրականում մինչ օրս շատ մարդիկ դեռ ապրում են տնակներում: Որքան հիշում եմ, մի երկու տարի առաջ նման ընտանիքների թիվը հասնում էր 3-4 հազարի։ Կա՞ն արդյոք այլ ծրագրեր, որոնց միջոցով դուք կօգնեիք Գյումրիին, աղետի գոտուն։ Ունե՞ք որևէ հատուկ ծրագիր այնտեղ:

Դեբորա Գրիզեր. - Դուք գիտեք, այս պահին ...

«Ազատություն». - Ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր տնակներում են բնակվում, այլև ուրիշների համար, Գյումրիի համար, Սպիտակի համար, այդ տարածքում գտնվող այլ քաղաքների համար:

Դեբորա Գրիզեր. - Գիտեք, մենք ունենք մի շարք գյուղատնտեսական զարգացման ծրագրեր:

«Ազատություն». - Այո՛, պատմեք մեզ այդ մասին:

Դեբորա Գրիզեր. - Մեկը կոչվում է «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», որը իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Նրանք աշխատում էին տեղական համայնքների հետ՝ փորձելով խթանել տեղական ձեռներեցությունը: Մենք օգնում ենք որոշ դեպքերում ֆերմերների համար սարքավորումներ գնել: Կառուցում ենք ձեռք բերվող սարքավորումների համար պահեստներ: Օգնում ենք կաթի հավաքման միավորներին կամ նույնիսկ իրականացնում ենք «Անկողին ու նախաճաշ» տիպի տնային հյուրընկալության ծրագրեր:

«Ազատություն». - Դա հետաքրքիր է:

Դեբորա Գրիզեր. - Որովհետև գյուղական տնտեսության զարգացումը խթանելու մեր աշխատանքի մեկ այլ ասպեկտը Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող ծրագիրն է, որը նպաստում է գյուղական և մշակութային զբոսաշրջությանը: Եվ այս ծրագրի գաղափարն է այցելող զբոսաշրջիկներին դուրս բերել Երևանից՝ տանելով նրանց դեպի մարզեր:

«Ազատություն». - «Անկողին ու նախաճաշ»-ը ընդլայնվում է, ու ես տեսնում եմ, որ շատ փոքր հյուրանոցներ սպասարկում են զբոսաշրջիկներին, և Հայաստանում աճում է զբոսաշրջությունը։ Այդպե՞ս է:

Դեբորա Գրիզեր. - Այո՛, այդպես է:

«Ազատություն». - Բայց կա մեկ այլ ոլորտ, որը իսկապես արագորեն աճում է, որտեղ սնկի պես հայտնվում են սթարթափները, դա բարձր տեխնոլոգիաների ոլորտն է Հայաստանում:

Դեբորա Գրիզեր. - Այո՛ ...

«Ազատություն». - Ի՞նչ եք անում, որպեսզի օգնեք այս ոլորտում ներգրավվածներին, ովքեր, կարծես թե, մեծ գումարներ են բերում Հայաստանի բյուջեին և ՀՆԱ-ին:

Դեբորա Գրիզեր. - Բարձր տեխնոլոգիաների՞ առումով։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք օգնում սթարթափերին, կա՞ արդյոք Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված որևէ ծրագիր:

Դեբորա Գրիզեր. - Այո՛, մենք տարիներ շարունակ աջակցել ենք ՏՏ ոլորտին, բայց նաև ունենք ընթացիկ մի ծրագիր, որը հիմնված է Երևանի Պետական համալսարանի վրա: Այն կոչվում է Նորարարական լուծումների տեխնոլոգիական կենտրոն: Թեև այն գործում է Երևանի Պետհամալսարանում, սակայն բաց է Հայաստանի ցանկացած ուսանողի և հանրության համար: Այն ունի սարքավորումներ և տեխնիկական օժանդակություն՝ օգնելու մարդկանց սթարթափների համար խորհուրդներ ստանալ, ուսանողներին խորհուրդներ տրամադրելու առումով:

«Ազատություն»․ - ԱՄՆ-ում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք օգտվում են Հայաստանի ծրագրավորողների աշխատանքից, այսինքն՝ աութսորսինգից են օգտվում։ <...> Հետաքրքիր է, արդյոք ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստվո՞ւմ է ինչ-որ բան անել, քանի որ գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ փորձում են ներկայացնել օրենսդրություն, որը հնարավորություն կտան վերակենդանացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը կարող է նաև օժանդակել բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Այս մասին տեղյակ ե՞ք, թե դրանք պարզապես խոսակցություններ են:

Դեբորա Գրիզեր. - Դե, այնքան էլ տեղյակ չեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, բայց ես գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է շարունակել իր աջակցությունը ՏՏ ոլորտին, որովհետև, կարծում եմ, մենք գիտակցում ենք, որ դա աճ ապահովող ոլորտ է:

«Ազատություն». - Այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 5 տոկոսը։

Դեբորա Գրիզեր. - Ճիշտ է։ Այսպիսով, ոչ միայն մենք աշխատել ենք ավելի քան մեկ տասնամյակ, այլև նախատեսում ենք շարունակել մեր աշխատանքը:

«Ազատություն». - Դառնանք ևս մեկ հարցի՝ գործարարությամբ զբաղվելուն: Ըստ տարբեր արևմտյան կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների, Հայաստանը բավական լավ ցուցանիշներ է գրանցում՝ երկրների շարքում գտնվելով երրորդ կամ չորորդ տասնյակում: Բայց իրականում, երբ զրուցում ես գործարարների հետ, նրանք այնքան էլ գոհ չեն: Նրանք կարծում են, որ կոռուպցիան շատ է: Նույնիսկ պաշտոնյաներն են խոսում այդ մասին՝ հրապարակայնորեն ընդունելով, որ սա մեծ խնդիր է: Ի՞նչ եք պատրաստվում անել այստեղ: Որքանով ես գիտեմ, այս հակակոռուպցիոն պայքարում դուք ինչ-որ աջակցություն եք ցուցաբերում: Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Կպատմե՞ք մեզ ավելին:

Դեբորա Գրիզեր. - Իհարկե: Դա լավ հարց է: Այն ամենում, ինչ անում ենք, փորձում ենք հակակոռուպցիոն վարքագիծ դրսևորել: Այսպիսով, մենք մեր բոլոր ծրագրերը դիտարկում ենք այս ոսպնյակի միջոցով: Բայց ունենք նաև որոշակի ծրագրեր, որոնք ունեն հակակոռուպցիոն հատուկ ուղղվածության: Օրինակ, կարող եք լսած լինել, որ մենք աջակցում ենք կառավարության աշխատակազմի ղեկավարի գրասենյակին և հակակոռուպցիոն խորհրդին: Մենք նաև աջակցել ենք տեղական խորհրդատուներին, ովքեր որոշակի աշխատանք են կատարել կառավարության կողմից առաջնահերթ հռչակված չորս ոլորտներում: Եվ դա շարունակվող ծրագիր է: <...> Մենք աջակցություն ենք ցուցաբերել, միացել ենք ՄԱԿ-ի կողմից կառավարվող բազմադոնորային մի ծրագրի, և մի քանի դոնորներ աջակցեցին ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնությունը հաստատող սարքավորումների ձեռքբերմանը:

«Ազատություն». - Այո՛:

Դեբորա Գրիզեր. - Այսպիսով, կան որոշ փոքր ծրագրեր, ու կան ավելի երկարաժամկետ ծրագրեր: Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և անկախ մեդիա խմբերի, որոնք կատարում են դիտորդական դեր, և կարծում ենք, որ դա շատ կարևոր է:

«Ազատություն». - Այո, բայց նրանցից ոմանք հրաժարվում էին մասնակցել, նկատի ունեմ, որ իբրև դիտորդներ նրանք կային, բայց երբեք չեն միացել Հակակոռուպցիոն խորհրդին: Օրինակ, կարծում եմ, նույնիսկ Transparency International-ը ...

Դեբորա Գրիզեր. - Նրանք միացան: Նրանք առաջինն էին, որ միացան: Ես հպարտ եմ ասել դա:

«Ազատություն». - Նրանք Խորհրդի անդա՞մ են, թե՞ դիտորդներ են:

Դեբորա Գրիզեր. - Դա, որքանով ես եմ հասկանում...

«Ազատություն». - Դա առաջընթաց է:

Դեբորա Գրիզեր. - Այո՛, դա առաջընթաց է:

«Ազատություն». - Հիմնական մտահոգությունն այն էր, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կառուպցիան իրականում հենց կառավարությունից է գալիս։ Սա էր հիմնական կասկածը, որ մարդկանց մոտ առաջանում էր։ Ի՞նչ կասեք այդ մասին: Կարող ե՞ք կառավարությանը վստահել կոռուպցիայի դեմ պայքարը, երբ կոռուպցիայի մեծ մասը տեղի է ունենում հենց կառավարությունում։

Դեբորա Գրիզեր. - Կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք կառավարության հետ: Բայց, ինչպես արդեն ասացի, մեզ օգնում է զսպումների և հաշվեկշիռների մեխանիզմը, որպեսզի կարողանանք համոզվել, որ մեր տրամադրած գումարները օգտագործվում են նպատակային։

«Ազատություն». - Ինչպես ասացիք, դուք ունեք ռեսուրսներ և գործիքներ վերահսկելու համար։

Դեբորա Գրիզեր. - Մշտադիտարկելու համար։

«Ազատություն». - Մեկ այլ հարց՝ ինչպե՞ս եք պատրաստվում աջակցել փոքր և միջին բիզնեսին: Ինձ թվում է, որ դուք այժմ փոխում եք ձեր առաջնահերթությունները պարզապես օգնություն տրամադրուց, դեպի Հայաստանում բիզնեսին ակտիվորեն աջակցելը կամ ամերիկյան և հայկական ընկերությունների միջև կապերի զարգացնելը։

Դեբորա Գրիզեր. - Այո՛, ինչպես նշեցի, մենք ունենք մի քանի գյուղական զարգացման ծրագրեր, որոնք աջակցում են ձեռնարկատերերին, ֆերմերներին, ագրոբիզնեսին և դա անում ենք տասնամյակներ շարունակ: Մենք մտադիր ենք շարունակել դա: Այդ աջակցության մի մասը տրամադրվում է շատ փոքր դրամաշնորհների տեսքով: Անցյալ շաբաթ այցելեցի մի գինեգործարան, որտեղ մենք տրամադրեցինք ընդամենը 1500 դոլար, որը ԱՄՆ ՄՁԳ-ի համար շատ փոքր դրամաշնորհ է: Բայց դա օգտակար է փոքր բիզնեսի համար, քանի որ այն հնարավորություն կտա կառուցել այնպիսի տարածք, որտեղ մարդիկ կարող են գինի համտեսել: Ներկայումս դա պարզապես կատարվում է գինու գործարանում: Այնպես որ, մենք տրամադրում ենք նաև շատ փոքր դրամաշնորհներ, որոնք իսկապես արդյունավետ են:

«Ազատություն». - Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստանալ այդ դրամաշնորհները, ինչպիսի՞ն է ընթացակարգը, ինչպե՞ս կարող են նրանք դիմել դրա համար:

Դեբորա Գրիզեր. - Դա շատ լավ հարց է: Սովորաբար դա արվում է ծրագրերն իրականացնող մեր գործընկերների միջոցով, ինչպիսիք են ՓՄՁ ԶԱԿ-ը, «Ֆուլեր» կենտրոնը, որն իրականացնում է մյուս ծրագիրը: Նրանց հետ պետք է կապ հաստատվի: Իրականում նրանք համագործակցում են մյուս գործընկերների, Սմիթսոնյան ինստիտուտի, այլ դոնորների հետ։

Հրայր Թամրազյան. - Եթե ունեք հետագա ծրագրեր, որոնց մասին կարող եք պատմել հանրությանը, խնդրում ենք, արեք դա։

Դեբորա Գրիզեր. - Իհարկե, մենք ունենք մի քանի նոր նախագծեր, որոնց մասին կարող եմ պատմել Ձեզ: Մեկը դեռ իսկապես ներկայացման փուլում է. մենք հայտարարել ենք, որ ընդունում ենք առաջարկներ էներգետիկայի ոլորտում աշխատանքի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել իրավական և կարգավորող դաշտի բարելավման ուղղությամբ, տրամադրել տեխնիկական օգնություն` շուկայի ազատականացման համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի բացել այն, ավելի շուտ ինտեգրել հայկական շուկան տարածաշրջանային շուկաների հետ: Սա այն է, ինչ կլինի առաջիկայում, և դա պարզապես շարունակությունն է այն աջակցության, որը մենք արդեն տրամադրել ենք էներգետիկ ոլորտին։ Մեկը այլ ծրագիր առնչվում է մարդու իրավունքներին, դա, ամենայն հավանականությամբ, կլինի մինչև տարեվերջ: Եվ դա կլինի անմիջական օժանդակություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որ օգնենք ուժեղացնել այդ գրասենյակը, որը բավականին նոր է՝ ավելացնել իրենց կարողությունները, ավելացնել իրենց աշխատակազմի կարողությունները, ինստիտուցիոնալ կարողությունները, օգնել նրանց ներգրավել այլ իրավապաշտպանների: Եվ կա նաև բավականին վերջերս մեկնարկած մի ծրագիր, որն աշխատում է համայնքային սոցիալական ծառայությունների հետ՝ հատուկ երեխաներին առնչությամբ: Եվ գաղափարներից մեկը համայնքային սոցիալական աշխատողների դերը բարձրացնելն է։

«Ազատություն». - Դուք նաև շատ բան եք անում առողջապահության ոլորտում, ճի՞շտ է: Այստեղ շատ հետազոտական լաբորատորիաներ ունեք։

Դեբորա Գրիզեր. - Մենք մեծ աշխատանք ենք տարել այդ ոլորտում։

«Ազատություն». - Կանխարգելիչ բժիշկություն...

Դեբորա Գրիզեր. - Փաստորեն 2005-ից մինչև 2010 թվականը մենք իրականացրել ենք առաջնային առողջապահական ծրագիր: Այն հիմնականում աջակցում էր կառավարությանը` բոլոր քաղաքացիներին առաջնային բուժօգնության և ծննդաբերության ծառայություններ տրամադրելու գործում: Եվ դա մեծ գործ էր: Դա նաև օգնեց վերականգնել և վերազինել մի շարք մարզային կլինիկաներ։

«Ազատություն». - Հայ հասարակության մեջ դրա մասին որոշակի սխալ պատկերացումներ կային: Դավադրությունների տեսություններ էին շրջանառվում: Բայց, գիտեք, Դուք պետք է ավելի տեղեկատվություն տարածեք: Մարդիկ պետք է լսեն այս բաները: Կարծում եմ, դրանք շատ կարևոր ձեռքբերումներ են և ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հարցազրույցի համար։

Դեբորա Գրիզեր. - Ես եմ շնորհակալ Ձեզ՝ այդ մասին պատմելու հնարավորության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG