Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ։
Չապլին Արմենի Մարգարյանը, Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հակառակորդի կողմից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել հոկտեմբերի 10-ին և մահացել զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ ժամկետային զինծառայողին կյանքից զրկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով [սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով]:
«Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի [ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ] հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: