Զինապարտության մասին նոր օրինագծի նպատակը սահմանադրական արդարության վերականգնումն է, այդ փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված չէ ժողովրդագրական խնդիրներով, քանի որ գիտությամբ զբաղվել ցանկացողների ոչ մեծաթիվ խմբին զորակոչելով «համալրման խնդիր չի լուծվի»:
«Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պաշտպանության նախարարության կողմից մշակված և Ազգային ժողով ուղարկված՝ զինվորական ծառայության մասին նոր նախագծով, հիշեցնենք, ուսման համար տարկետում է նախատեսվում միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս նախագծի շնորհիվ կրթության ոլորտում կվերանան նաև զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։ Օրենքի ընդունմամբ պաշտպանության նախարարությունը ցանկանում է նաև բանակը համալրել պրոֆեսիոնալ կադրերով, հավելում է ՊՆ խոսնակը․ «Նպատակ կա կրտսեր հրամանատարական օղակում ու նաև պահեսազորում ավելի պրոֆեսիոնալ ու ավելի կրթված մարդկանց ներգրավել»,- ասաց ՊՆ խոսնակը:
Այս նախագիծը դժգոհություն է առաջացրել երիտասարդության շրջանում։ Մի խումբ ուսանողներ և երիտասարդ դասախոսներ երեկ անգամ բողոքի ցույց ու քայլերթ էին կազմակերպել Երևանում։ Կրթության փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ այդ նախաձեռնությունը հարվածում է Հայաստանում գիտության զարգացմանը։ «Կրթությունն ընդհատվելու է: Իմ փորձը, որպես դասախոս, ցույց է տալիս, որ շատ ուսանողների շրջանում բանակից հետո կրթությունը շարունակելու ջիղն ուղղակի կորչում է»,- ասում է փորձագետը:
Նա վստահ է՝ նախագիծը կոռուպցիոն ռիսկերը չի նվազեցնի, ավելին՝ գուցե մեծացնի այդ ռիսկերը: Իսկ զինվորական ծառայությունից խուսափել ցանկացողները, միևնույն է, ելքեր կգտնեն, ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։ ՊՆ խոսնակը, մինչդեռ, համաձայն չէ պնդումներին, թե նախագիծը հարվածելու է գիտության զարգացմանը: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ զորամասերում գիտությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն։ Կրթության փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանն անիրատեսական է համարում բանակում գիտությամբ զբաղվելու գաղափարը:
Նմանօրինակ մի նախագիծ կառավարությունը շրջանառության մեջ էր դրել նաև 2004 թվականին, սակայն հանրային ճնշման ներքո այն այդպես օրենք չդարձավ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարում են՝ այս անգամ էլ ամեն կերպ փորձելու են հասնել նախագծի չեղարկմանը: