Մատչելիության հղումներ

Աջ ղեկով մեքենաների վարորդները «անօրինական» որոշման դեպքում «մեծ բունտ կանեն»


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու հետ կապված որևէ իրավական ակտ չկա, սակայն հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։

Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաները երթևեկությունից հանելու հարցը։ Օրերս Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել էր, որ իրենց գլխավոր նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ «Հաշվի առնելով այն, թե ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակի որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, դրանից հետո կունենանք ինչ-որ որոշման նախագիծ»,- ասել էր նախարարը:

Մինչդեռ, «Ազատության» հարցմանն ի պատասխան, ոստիկանությունից տեղեկացրին՝ աջ ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել։ Որոշակի վերլուծություն է կատարվել միայն այս տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների մասով, հաշվարկներն էլ վերջնական չեն։

Ոստիկանության նախնական հաշվարկով՝ Հայաստանում շահագործվում է մոտ 30 հազար աջ ղեկով մեքենա։ Ի՞նչ կարող են անել աջ ղեկով մեքենա վարող քաղաքացիները, եթե իրենց մեքենաների շահագործումն արգելվի։ «Բնական է՝ կտրամադրվի ինչ-որ ժամանակ, ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար»,- այս հարցին պատասխանել էր Վահան Մարտիրոսյանը:

40 տարվա վարորդ Գրիգոր Գրիգորյանն անթույլատրելի է համարում աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման արգելումը: «Իրանք չեն կարող արգելել, չէ՞ որ էս մեքենայի համար մենք մաքսեր ենք վճարել, այն էլ՝ ուռճացրած գներով: Բա մեր մաքսերն ո՞վ պետք ա վերադարձնի»,- հարց է տալիս Գրիգոր Գրիգորյանը: Ձախ ղեկով ավտոմեքենաներ վարող մի քանի քաղաքացիներ էլ «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ հայաստանյան երթևեկության համակարգում աջ ղեկով վարորդները բավարար տեսադաշտ չեն ունենում ու պատահարների գլխավոր մեղավորն են դառնում։

Թեև տրանսպորտի նախարարի հիմնավորումն անվտանգության ապահովումն է, վարորդներից շատերը համոզված են՝ գործարանային աջ ղեկով ավտոմեքենայի ղեկը ձախ տեղափոխելու դեպքում վթարի հավանականությունն ավելի է մեծանալու։ «Սխալ ա, որ աջը փոխեն ձախի, չի կարելի, մաշում ա, թուլանում ա», «Դա գործարանային հավաքում չի լինի, սխալ ա»,- ասացին վարորդները:

Ճապոնիայից աջ ղեկով մեքենա պատվիրած մի քաղաքացի էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ աջ ղեկով մեքենաներն ավելի էժան են, կառավարությունն էլ արդեն ներկրված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու իրավունք չունի։ Քաղաքացին ասաց նաև, որ անհրաժեշտության դեպքում դատարանում կպաշտպանի իր իրավունքները, քանի որ ինքը «օրենքի սահմաններում է»:

Վահրամ Մարգարյանը մեկ տարի առաջ աջ ղեկով ավտոմեքենա է գնել՝ ավելի մատչելի էր, օրենքն էլ դա չէր արգելում: Ասում է՝ ղեկը տեղափոխելը ոչ միայն ֆինանսական, այլև բազմաթիվ տեխնիկական խնդիրներ է առաջ բերելու։ «Եթե հիմիկվանից սկսեն արգելել այդ մեքենաների ներկրումը, կասեմ հա, բայց արդեն էստեղի մեքենաների ղեկը որ փոխեն ձախի, դա խելամիտ չեմ համարում»,- ասում է Վահրամ Մարգարյանը:

Երթևեկության համար գլխավոր վտանգը, ըստ նրա, ոչ թե աջ ղեկով ավտոմեքենաներն են, այլ համակարգում կոռուպցիայի առկայությունը։ Նա կառավարությանն առաջարկում է ուսումնասիրել վարորդական իրավունքի ձեռքբերման գործընթացը․ «Այս պահին նվազագույնը մի 10 հոգու գիտեմ, որոնք իրենց վարորդական վկայականը ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով»:

Հարցված վարորդները նշեցին նաև, որ աջ ղեկով տրանսպորտային միջոցներն արգելելու դեպքում բողոքի են դուրս գալու՝ «Հաստատ դուրս կգան մեծ բունտ կանեն»: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այս պահին աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա, սակայն հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG