Մատչելիության հղումներ

Չնայած հայ զինծառայողի սպանությանը, հայկական կողմը շարունակում է խաղաղ կարգավորման կողմնակիցը լինել


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2017 թ․
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2017 թ․

Չնայած նախօրին ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողի սպանությանը, ինչը հաջորդեց ընդամենը 4 օր առաջ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։

Այցով Երևանում գտնվող՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդես գալով հայտարարությամբ, այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց՝ լեհ գործընկերը համակարծիք է իր այն պնդման հետ, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։

«Ցավոք Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ ԼՂ խնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասաց Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նաև հայտարարեց, որ իր լեհ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան բանակցությունների ընթացքը, շեշտելով, որ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրում են ԵԱՀԿ Մինսկի խումբը և Հայաստանը։ Վիտոլդ Վաշչիկովսկին իր հերթին նշեց՝ Հայաստան է եկել ոչ միայն որպես Լեհաստանի արտգործնախարար, այլև որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ։ Նա ասաց, որ շուտով կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, և Կովկասում անվտանգության խնդիրները ևս իրենց հետաքրքրում են։

«Մենք նաև քննարկեցինք անվտանգության խնդիրներ: Հաջորդ տարի, հավանաբար մայիսին, տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Այժմ ՆԱՏՕ-ն աշխատում է՝ հիմք ընդունելով 360 աստիճանի մոտեցումը, այլ կերպ ասած՝ դիտարկում է սպառնալիքները և մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես այստեղ եմ նաև այն բանի համար, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների տեսակետները Կովկասում անվտանգության իրավիճակի վերաբերյալ»,- հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարարը:

Նա անդրադարձավ նաև նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է ԵՄ-ի ու Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինելու է նախկին Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի անակնկալ որոշման պատճառով:

Կարևորելով ԵՄ ԱԳ առաջիկա գագաթնաժողովը, Վաշչիկովսկին այսօր Երևանում հայտարարեց․ «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը, հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»:

Երկու արտգործնախարարներն այսօր միայն հայտարարություններով հանդես եկան, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ հայ-լեհական հարաբերությունների ներկայիս մակարդակից գոհ է, սակայան կողմերը կարծում են, որ պետք է օգտագործվի նաև տնտեսական ոլորտում առկա ներուժը։ Լեհաստանի արտգործնախարարն իր հերթին կարևորեց տնտեսական ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը, շեշտելով՝ առաջիկա բանակցություններին հայ գործընկերներին կներկայացնի, թե լեհական որ ընկերություններ են հետաքրքրված Հայաստանում աշխատելու առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG