Մատչելիության հղումներ

Նուռը արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակին


Նկարիչ, քանդակագործ, դիզայներ, ոսկերիչ Արման Նուռը մեր ժամանակակից ամենահայտնի արվեստագետներից մեկն է: Նրա յուրօրինակ աշխատանքները բազմիցս ներկայացվել են աշխարհի ամենատարբեր հեղինակավոր ցուցասրահներում:

Օրերս ժամանակակից արվեստի եվրոպական ամենահեղինակավոր ցուցահանդես-փառատոներից մեկում՝ Ֆլորենցիայի տասնօրյա բիենալում Արման Նուռն արժանացել է գլխավոր մրցանակի՝ Լորենցո Մեդիչիի ոսկե մեդալին:

Այս տարի բիենալեին մասնակցել են 74 երկրներից 417 արվեստագետներ՝ ներկայացնելով 1100 ստեղծագործություն: Հայաստանից երկու արվեստագետ են մասնակցել՝ Արման Նուռը և Մարիամ Ներսիսյանը:

«Մրցակցությունը շատ մեծ էր և շատ պատասխանատու», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Նուռը: - «Եկել էին աշխարհի էսօրվա ամենահայտնի և ամենակայացած նկարիչները, քանդակագործները»:-

Նա փոխանցեց, որ ցուցադրության հենց առաջին իսկ օրից իր ներկայացրած երկու աշխատանքները շատ մեծ ուշադրության են արժանացել բիենալեի թե՛ մասնակիցների, թե՛ այցելուների կողմից: Ավելին՝ հայկական տաղավարի գրեթե բոլոր այցելուները չեն թաքցրել հիացմունքն ու ասել, որ ամենայն հավանականությամբ հենց ինքը հաղթող կճանաչվի․ - «Ի ուրախություն մեզ բոլորիս, մրցանակը եկավ Հայաստան»:

Ֆլորենցիայի բիենալեն այս տարի անցել է «Երկրագունդը և բնությունը» խորագրի ներքո: Նուռն ասաց, որ իր ներկայացրած աշխատանքների կոնցեպցիան չափազանց արդիական է ոչ միայն մեր ժամանակների, այլև քաղաքակրթության ողջ պատմության համար․ - «Պատմությունը սիրո մասին էր: Ներկայացված էր «Ճանճ» անվանումով մի աշխատանք և մյուսը՝ «Ճանճ էվոլյուցիա»: «Ճանճ» աշխատանքը փոքր չափի արձանիկ ա, որը որ տրանսֆորմացիա ա լինում, ինքը գենետիկա ունի, տրանսֆորմացիա լինում և վերածվում ա ակնոցների: Դա իմ 2007 թվականին արված աշխատանք ա, և հենց արվել ա տվյալ բիենալեին մասնակցելու համար: Տասը տարի ես իրան պահել եմ հենց էս բիենալեի համար՝ ամեն տարի պատրաստվելով գնալ, բայց չէր հաջողվում»:

Արվեստագետը շատ ուշագրավ բացատրություն է տալիս, թե ինչ է խորհրդանշում «Ճանճը»․ - «Ասելիքը աշխատանքի հետևյալն ա, որ ճանճը պատմում ա սիրո մասին: Ինչի՞ ա ճանճը ընտրված որպես կերպար, որպեսզի պատմի սիրո մասին: Որովհետև ինքը ամենաատելի էակներից մեկն ա: Կան էս աշխարհում ճանճից էլ ահավոր բաներ, բայց ճանճը ամենահաճախ հանդիպողն ա և ամենաշատ ատելություն ստացողը իր հասցեին: Այդ իսկ պատճառով, որպեսզի կարողանանք սիրել էն, ինչ որ մենք ատում ենք, պետք է կարողանանք ատելիի աչքերով նայել աշխարհին: Որովհետև ցանկացած ատելի իր աչքերում ամենալավն ա, ամենաբարին ա, ամենագեղեցիկը և ամենամաքուրը, ամենախելացին: Եվ որպեսզի մենք տեսնենք աշխարհը ատելիի աչքերով, մենք վերցնում ենք էդ ճանճին, շրջում ենք իրան, ինքը տրանսֆորմացիայի է ենթարկվում և վերածվում ա ակնոցների, որը դնելով աչքերին, դուք տեսնում եք նույն հայացքով, նույն տեսողությամբ և նույն տեսողության տեսակով, որով տեսնում է ճանճը»:

Ի տարբերություն առաջին աշխատանքի, երկրորդը, որը կոչվում է «Ճանճ էվոլյուցիա», երեքմետրանոց մեծ և ծանր բրոնզաձույլ քանդակ է, որը ևս տրանսֆորմացվում է: Այն խորհրդանշում է հետևյալը․ - «Էվոլյուցիայով պրոգրես ապրելուց հետո մարդկությունը և առհասարակ բոլոր էակները մեծանում են, ծանրանում են, ավելի մեծ տարածքներ են գրավում: Բայց դրա հետ մեկտեղ կորցնում են մի շատ կարևոր բան․ կորցնում են աշխարհին շատ մանրակրկիտ և մաքուր, բյուրեղային տեսողությունը, կորցնում են կապը բնության հետ: Եվ էդ ժամանակ ես մոտենում եմ, ցույց եմ տալիս «Մեծ ճանճը» աշխատանքը․ ինքն էլ շարժում ունի, տրանսֆորմացիա ունի, ինքը փակվելով, աչքերը պտտվում են, շրջվում են ընթացքում, և դու տեսնում ես աշխարհը ագրեսիվ կարմիր և ընդհանրացված գույներով, և հայտնվում ես փականի մեջ: Այսինքն, եթե իջեցրես ես մեծ ճանճից քեզ վրա, ապա չես կարող էնտեղից դուրս գալ, եթե քեզ չօգնեն, ինքը դառնում ա փական: Հետևաբար պրոգրեսը դա մարդկության համար փական ա: Ինքը լավ հասկացողություն ա, ինքը առաջընթաց ա, բայց դրա հետ մեկտեղ տանում ա դեպի փական և տանում ա դեպի կործանում: Այդ իսկ պատճառով «Մեծ ճանճը» կոչ ա անում, որպեսզի մարդիկ, պահպանելով պրոգրեսը, վերադարձնեն իրենց հայացքը դեպի բնություն, դեպի սեր, քանի որ բնությունը ինքը իրանով սեր ա»:

Նուռի փոխանցմամբ, բիենալեի մասնակիցների թվում ևս մեկ հայ մասնակից է եղել՝ Կանադայից ժամանած շատ տաղանդավոր գեղանակարչուհի Լուսնակը, որի աշխատանքն անձամբ իրեն շատ դուր է եկել:

Ի դեպ, հայ արվեստագետներից 2004 թվականին, ինչպես շեշտում էր Նուռը, ամերիկահայ մեր հայրենակից, ճանաչված գեղանկարիչ Էմիլ Գազազն է ստացել այս բիենալեի գլխավոր մրցանակը: Նա, սակայն, ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Առաջին անգամ է հայաստանցի արվեստագետն է իր ստեղծագործությունների համար այս մրցանակի արժանանում:

Շատ շուտով Նուռը մեր երկրի արվեստասերներին կներկայացնի այս երկու աշխատանքը, իսկ հաջորդ տարվանից մտադիր է դրանք ներկայացնել եվրոպական մի շարք երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG