Մատչելիության հղումներ

Երեք շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբանները պահանջում են հետաձգել նիստը


Սեֆիլյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ
Սեֆիլյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը։

Գործով անցնող ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի փաստաբաններ Նինա Կարապետյանցն ու Արայիկ Պապիկյանը հայտարարեցին, որ Պողոսյանը երեք շաբաթ է հացադուլի մեջ է գտնվում և ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին։ Փաստաբանները խնդրեցին հետաձգել այն։

Պապիկյանը նաև հայտարարեց, որ Ներսես Պողոսյանն արդեն երեք շաբաթ է հացադուլավորների համար նախատեսված խցում է գտնվում, նրա մոտից արգելված իր են հայտնաբերել ու կարգապահական վարույթ հարուցել՝ հացադուլավորների համար նախատեսված խցից հեռացրել Պողոսյանի ներքնակն ու ծածկոցը՝ այն վերածելով պատժախցի։

Արայիկ Պապիկյանը նաև հայտարարեց, որ, ըստ իր պաշտպանյալի, երեկ կողքի խուց են տեղափոխել մի անձի, ով հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Պողոսյանի, նրա ընտանիքի հասցեին։

Պողոսյանը դատարանում հայտարարեց, որ «դա դատախազի բերած մարդն է, դրանով ուզում են իրեն ճնշման ենթարկել»։

Դատավորը հայտարարեց՝ քանի որ քրեակատարողական հիմնարկից որևէ գրություն չի ստացել այն մասին, որ Ներսես Պողոսյանի առողջական վիճակը վատ է և չի կարող շարունակել դատական նիստը, ապա նիստը չհետաձգելու մասին որոշում կայացրեց։

Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ իրեն այսօր մինչև դատարան բերելը որևէ բուժզննության չեն ենթարկել, դատավորն էլ որոշեց շտաբօգնություն կանչել։

Այս պահին շտապօգնության աշխատակիցները դատարանում են։ Բուժզննությունից հետո դատավորը կորոշի շարունակել նիստը, թե՞՝ ոչ։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG