Մատչելիության հղումներ

Մալթայի վարչապետը վստահեցնում է, որ կարվի ամեն ինչ՝ լրագրողի սպանությունը բացահայտելու համար


Մալթա - Փորձագետները աշխատում են դեպքի վայրում, 16-ը հոկտեմբերի, 2017թ․
Մալթա - Փորձագետները աշխատում են դեպքի վայրում, 16-ը հոկտեմբերի, 2017թ․

Մալթայի իրավապահները ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների և հոլանդացի քրեագետների օժանդակությամբ շարունակում են հետաքննել երկրի թերևս ամենահայտնի լրագրողներից մեկի` Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը:

Մի շարք աղմկալի հետաքննությունների` այդ թվում Ադրբեջանի և Մալթայի ղեկավարների միջև կնքված կոռուպցիոն գործարքների մասին պատմող հոդվածների հեղինակ Կարուանա Գալիցիայի սպանությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը` պայթել է մեքենայում տեղադրված ռումբը:

Հետաքննող լրագրողի քննադատության հիմնական թիրախ վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարում էր, որ չնայած Դաֆնե Կարուանա Գալիցիայի հետ ունեցած տարաձայնություններին՝ իր կառավարությունը կանի հնարավորը գործի բացահայտմանը հասնելու համար:

«Դա պարզապես սպանություն չէր, դա լրագրողի սպանություն չէր միայն` դա ոտնձգություն էր այն բոլոր սկզբունքների դեմ, որոնք բնորոշ են մեր հասարակությանը: Այդ իսկ պատճառով կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի բոլոր առկա ռեսուրսները ծառայեցվեն գործի բացահայտմանը», - հայտարարում էր Մալթայի վարչապետը` նշելով նաև, որ իր ղեկավարած նախարարների կաբինետը պատրաստ է «լուրջ և աննախադեպ դրամական վարձատրություն առաջարկել Կարուանա Գալիցիայի սպանության բացահայտմանն օժանդակող ցանկացած տեղեկատվության համար»:

Մալթայի վարչապետը նաև պնդում է, որ լրագրողի սպանությունից հետո ընդդիմության կողմից բարձրացվող՝ իր հրաժարականի պահանջին չի ընդառաջելու:

«Ընդդիմությունը չափն անցնում է: Բայց ինչ արած, դա է քաղաքականությունը: Հանուն մեր պետության մենք չպետք է քաղաքական խաղեր վարենք այս զարհուրելի հանցագործության ֆոնին», - նշում էր Ջոզեֆ Մուսկատը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ Դաֆնե Կարուանա Գալիցիան հրապարակել էր իր հետաքննության արդյունքները, որոնցից պարզ էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող օֆշորային ֆիրմաներից մեկի հաշվեհամարին: Բացի այդ, հետաքննող լրագրողը պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտ շաբաթական երկու անգամ 100-հազարական դոլար է փոխանցել նույն այդ օֆշորային ընկերությանը: Փոխարենը, ըստ մալթացի ընդդիմադիրների, Մալթայի կառավարությունը համաձայնել էր առաջիկա 18 տարիներին գազ գնել բացառապես Ադրբեջանից: Դրան էլ գումարած՝ ադրբեջանական ընկերություններից մեկին իրավունք էր տրվել մասնակցել Մալթայում կառուցվող էլեկտրակայանի շինարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG