Թեև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետգնումների ոլորտում հակամրցակցային համաձայնություններ չի բացահայտել, սակայն հայտնաբերել է երևույթներ, որոնք կարող են ազդել արդար մրցակցային միջավայրի վրա: Այս մասին նախօրեին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ նրա, իրենք ուսումնասիրվել են պետական գնումների գործարքներ առողջապահական, կրթական և սոցիակալան ոլորտներում և նկատել են՝ ապրանքի ձեռքբերման մրցույթի պայմանները հաճախ այնպես են ձևակերպվում, որ դրանք կարող է բավարարել միայն մեկ ընկերություն: «Դեպքեր կան, երբ պետական մարմինը մրցութային հրավերով գրում է տնտեսվարողի անուն կամ ապրանքի անուն կամ տեխնիկական բնութագիր այնպիսի մանրամասնությամբ, որ ակնկալում է որևէ կոնկրետ տնտեսվարողի կոնկրետ ապրանք: Սրանք մեր իրավասությունից դուրս են, բայց ազդում են մրցակցային միջավայրի վրա»,- ասում է Շաբոյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ այդ մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են, և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վաղուց պետք է ուշադրություն դարձներ խնդրին: Ըստ Հոկտանյանի՝ այս հարցում ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը: «Ակնհայտ են, քանի որ համարյա բաց տեքստով սպեցիֆիկացիաներում [եզակի] պարամետրեր են տալիս․․․մենք տեսել ենք՝ ոստիկանությունը քիչ էր մնում ուղղակի գրեր՝ մենք «Տոյոտա» ենք ուզում գնել: Այստեղ իհարկե կա նաև այլ խնդիր, մոնոպոլիզացված տնտեսության պայմաններում դա նշանակում է, որ կոնկրետ մի ընկերության համար է արվում»,- «Ազատությանն» ասաց Հոկտանյանը:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը որոշ չափով կարող է լուծվել, եթե հենց մրցույթներին մասնակցող ընկերությունները բարձրաձայնեն անարդարության մասին: «Բայց այստեղ էլ հոռետես եմ, որովհետև մասնակիցները սովորաբաևր վախենում են, որ բարձրաձայնելուց հետո նրանց հաղթելու հնարավորություններն էականորեն կնվազեն»,- ասում է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ անգամ երբ որոշ դեպքեր հրապարակային են դառնում և մեծ աղմուկ է բարձրանում, արդյունքում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, չնայած բյուջեի ու նաև պետգնումների վերահսկողությամբ զբաղվում են թե՛ նախագահականի ու վարչապետի վերահսկողական ծառայությունները, թե՛ ֆինանսների նախարարությունը: Մանուկյանն այս համատեքստում բերում է բիոզուգարանների հետ կապված՝ աղմուկ հանած պատմության օրինակը, երբ անհարկի պետգնումների, այսինքն՝ մսխման համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց:
ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն ասում է՝ Պետգնումների մասին օրենքում փոխությունները, որոնք ընդունվել են այս տարվա ապրիլին, բարելավել են ոլորտում տիրող վիճակը, և այժմ գնումների մրցույթներում նման մանրամասն բնութագրեր չեն կարող կազմվել: 2018 թվականին նախարարությունը շարունակելու է ոլորտի բարելավմանն ուղված միջոցառումները, նաև ընտրանքային մոնիտորինգ է անցակցացնելու և չափազանց մանրամասն բնութագրերով մրցույթներ թույլ չի տալու, ասում է Թամազյանը:
Վարուժան Հոկտանյանն ընդունում է՝ օրենքի ձևակերպումներում առաջընթաց կա, սակայն հարցը, ինչպես և այլ ոլորտենրում, օրենքը կիրառելու քաղաքական կամքն է․ «Խնդիրն այն է, որ մեզ մոտ, ինչպես ասում են, թղթերով ամեն ինչ կարգին է, մնում է կամք, որ օրենքը կյանքի կոչվի»: