Մատչելիության հղումներ

Հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի


Արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, այս մասին վերջինս տեղեկացրել է ՄԻՊ աշխատակիցներին, որոնք երեկ չնախատեսված այց էին կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել դեռևս անցյալ տարվա մայիսից հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ կալանավորված Պողոսյանին։

«Ունի գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում: Նշում էր, որ հիմնականում երեկոյան ժամերին է ավելի շատ ուժեղանում այդ ցավերը», - «Ազատությանը» փոխանցեց Պողոսյանի հիմնական գանգատները փոխանցեց Օմբուդսմենի աշխատակազմից Արամ Մինասյանը։ - «Ներսես Պողոսյանը նաև հայտնեց, որ պարբերաբար բժիշկները այցելում են իրեն, սակայն ինքը հրաժարվում է բուժօգնություն ստանալուց»:

Մեկ տարվա ընթացքում սա ընդդիմադիր գործչի արդեն երրորդ նման բողոքի ակցիան է։ Առաջին անգամ այն տևեց մոտ մեկ ամիս, երկրորդ անգամ՝ 7 օր: Նրա պաշտպան Արայիկ պապիկյանի խոսքով հիմնական պահանջները երեքն են․ - «Առաջինը՝ դատաքննության հրապարակայնության ապահովումն էր, երկրորդը՝ նա բացարկ էր ցանկանում հայտնել, որը և կատարվեց, իրեն «արա»-ով դիմող, մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ, դա ևս ներկայացրեցինք, դա մերժվեց, և երրորդը՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոխելն էր: Բուժօգնությունից հրաժարվելը սկզբնական նպատակ չի եղել, այլ դա ավելի շուտ հասունացավ այն պահին, երբ նրա կողմից առաջ քաշված խնդիրներից որևէ մեկը լուծում չստացավ»:

Ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը 2016թ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ նախապատրաստել է Երևանի հեռուստաաշտարակի և պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ։ Պողոսյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։ Պապիկյանը նույնպես փաստում է՝ Ներսես Պողոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, 20 օր շարունակվող հացադուլը ավելի է վատացրել վիճակը։

Արայիկ Պապիկյանի մեկ այլ պաշտպանյալ՝ «Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանը նույնպես երեկ հացադուլ է հայտարարել։ Փաստաբանի պնդմամբ՝ չնայած Թամրազյանի խնդրանքներին՝ քրեակատարողական հիմնարկը բուժօգնություն չի տրամադրում։

Թաթուլ Թամրազյանը հրազենային վիրավորում էր ստացել անցյալ տարի հուլիսին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում ոստիկանության գունդը գրավելու օրը, այնուհետև մի քանի վիրահատության ենթարկվել։

Արայիկ Պապիկյանն առայժմ դժվարանում է ասել, թե մինչև երբ իր պաշտպանյալները կշարունակեն հացադուլը: Այսօր պաշտպանը կրկին հանդիպելու է նրանց։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մինչդեռ հերքում են Թաթուլ Թամրազյանի ու նրա պաշտպանի հայտարարությունները։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց՝ Թամրազյանը մի քանի անգամ է բուժօգնություն անցել։

«Իր համար նախատեսված բոլոր տեսակի բժշկական հետազոտություններն անցել է», - պնդեց նա:

Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է Սասնա ծռեր զինված խմբի հետ ոստիկանության գունդը գրավելու և ապօրինի զենք շրջանառելու հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG