Մատչելիության հղումներ

«Հին Երևանի» ներդրողները պատրաստ են ծրագիրն ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում


«Հին Երևան» նախագծի մանրակերտը, արխիվ
«Հին Երևան» նախագծի մանրակերտը, արխիվ

«Հին Երևան» նախագծի ներդրողները պատրաստ են ծրագիրն ավարտին հասցնել կառավարության սահմանած ժամկետում՝ այսինքն առաջիկա 5 տարվա ընթացքում, այսօր հայտարարեց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը։ Ըստ ճարտարապետի՝ ծրագրի ներդրողներ տեղացի գործարար Վահե Հարությունյանն ու շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին իրացման գոտու ծախսերի համար արդեն իսկ 40 միլիոն դոլար են տրամադրել։

2005-ից այս ծրագիրը նախագծած ճարտարապետը վստահ է՝ նախնական գնահատմամբ 150 միլիոն դոլար արժողությամբ «Հին Երևանը» ի վերջո կյանքի կկոչվի։

«Սա մասնավոր գումար է, մասնավոր բիզնեսի շահեր են: Սա պետական ծրագիր չէ, ինչ-որ մի տեղից եկող գումարներ չեն», - ասում է Լևոն Վարդանյանը: - «Եթե 30-40 միլիոն արդեն ներդրվել է իրացման աշխատանքների համար, հնարավոր չէ, որ այդ ծրագիրը կանգնի: Էլ չեմ ասում՝ ես գիտեմ իրենց, կոնկրետ աշխատում եմ, բոլոր կողմերը շատ շահագրգիռ են, անընդհատ իմ արվեստանոցում իրենցից մեկնումեկը ներկա է»:

Թե ե՞րբ կտեսնենք «Հին Երևանի» առաջին կանգուն պատառիկները, ճարտարապետը դեռ հստակ ժամկետներ չի կանխատեսում։

«Այս տարի, համենայնդեպս, երկաթբետոնե կոնստրուկցիաները կտեսնեք: Թե ուր կհասնի, ես չգիտեմ», - նշեց նա:

19-րդ դարավերջին 20-ի սկզբին կառուցված ու քանդված հին հուշարձան շենքերը նախատեսվում է վերականգնել Երևանի Աբովյան-Բուզանդ, Արամի փողոց-Կողբացի հատվածներում։

Շինհրապարակում այժմ իրականացվում են դրենաժավորման աշխատանքները՝ ստորգետնյա ջրերի խնդիրը լուծելու համար։ Մինչդեռ, ըստ ճարտարապետի, «Հին Երևան» նախագծում ամենադժվարը իրացման խնդիրն է, այն առայժմ լուծվել է 70 տոկոսով։ Մյուս 30 տոկոսի հարցը, Վարդանյանի պնդմամբ՝ բնակիչների մեղքով է ձգձգվում:

Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում մինչև Կողբացի հասնելն այս պահին հսկայական փոս է փորված, կառուցվում է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Դրան հարակից բակի բնակիչները ասում են՝ իրենց տներից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ փոխհատուցում կստանան Կենտրոն համայնքի սահմաններում:

Բնակիչներն գրություն են ստացել, որ իրացումը պետք է ավարտվի մինչև 2018 թվականի հունիսի 1-ը։

Ինչ վերաբերում է նախագծի ճարտարապետական արժեքին, ապա այս հարցում էլ կարծիքները միատարր չեն։ Հեղինակ Լևոն Վարդանյանի պնդմամբ՝ Արամի և Բուզանդի փողոցներում այսօր կանգուն 14 հուշարձան շենքերը կպահպանվեն և վերակառուցվող պատմական մյուս արժեքների հետ միասին կվերստեղծեն հին քաղաքի շունչը։ Վարդանյանը չի մոռանում հիշեցնել՝ միակ շինությունը, որը ապամոնտաժվել է իր նախագծումից՝ այսինքն 2005-ից հետո, Տերյան փողոցում Աֆրիկյանների հայտնի տունն էր, այն էլ խանգարում էր երթևեկությանը։

«Մտած էր Տերյան փողոցի վրա 4.5 մետրով: Ժամանակին, եթե շատ մտահոգ էին, քաղաքի ամբողջ գլխավոր հատակագիծը պետք է փոխվեր, կողքին իրեն խորթ կառուցապատում պետք է չիրականացվեր: Այդ ժամանակ Աֆրիկյանների տունը կարելի էր պահել», - մեկնաբանեց ճարտարապետը:

«Հին Երևան» նախագիծը իրականում այն չէ, ինչպես հնչում է դրա անունը՝ համոզված է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։ Ըստ նրա՝ եթե վերափոխում են շենքերի բարձրությունը, տեսքը, լայնությունը ու ամեն ինչ առնում են մեկ տանիքի տակ, ձախողվում է հին քաղաքը վերակենդանացնելու փորձը:

«Ինքը՝ միջավայրը, իմ տեսակետից, եթե մեկը գա, ուզենա զգա ինչ բան է հին Երևանը՝ դա հին Երևանի չի», - մեկնաբանում է Մուշեղյանը:

Ճարտարապետը նկատում է՝ ներդաշնակության խնդիր էլ կա։ Աջ ու ձախ կողմերում բարձրահարկներ են, որոնք ստվերելու են ծրագրի տեսքը: Մուշեղյանը վստահ է՝ քանդելու և հետո վերակառուցելու փոխարեն պետք էր ի սկզբանե պահպանել քաղաքի դիմագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG