Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները շուտով կիրականացվեն առանց թույլտվությունների


Հայկական բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Հայկական բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց Ռուսաստանի կառավարության հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրին համապատասխան՝ երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների, ասված է հիմնավորման մեջ: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս:

Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն:

Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ, բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար կազատվեն մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG