Կարագի և բենզինի թանկացումը, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի, օբյեկտիվ հիմքեր ունի: Հանձնաժողովն ուսումնասիրել է այս երկու ապրանքների շուկաները, որտեղ կենտրոնացվածությունը մեծ է, կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ, և արդյունքում պարզել է, որ թանկացումն այդ ընկերությունների կողմից կատարված չարաշահումների հետևանք չէ:
Կարագի գինը, ըստ Շաբոյանի, այս տարեսկզբից բարձրացել է 35 տոկոսով, անցած սեպտեմբերի համեմատությամբ գնաճն ավելի մեծ է՝ 50 տոկոս: Սակայն դա, Շաբոյանի խոսքով, հիմնավորված է, քանի որ ձեռքբերման գներն ավելի են աճել: Ինչ վերաբերում է միջազգային շուկային, ապա այնտեղ կարագի գնաճը, Շաբոյանի խոսքով՝ կազմել է 120 տոկոս:
Եթե թանկացել է նորզելանդական կարագը, ապա ինչու՞ են աճել նաև տեղական կամ ռուսական արտադրության կարագի գները: Այս հարցին ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց՝ ընդհանուր համաշխարհային միտում է, վերջին շրջանում ողջ աշխարհում ավելացել են կարագի սպառման ծավալները:
Թեև մսի շուկան կենտրոնացված չէ, այդուհանդերձ, Շաբոյանի գլխավորած հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մսի թանկացման պատճառները: Պարզել են, որ գնաճը պայմանավորված է արտահանման ծավալների աճով: Բենզնինի շուկայում, որը կենտրոնացված է, առկա են գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ, ևս գնաճ կա: Այստեղ ևս Շաբոյանը օբյեկտիվ պատճառներ է տեսնում, շեշտելով՝ գերշիշխողները դիրքը չեն չարաշահում, այլ ընկերությունների համար ներկրման հնարավորությունը սահմանափակված չէ․ «Բենզնի գները բարձրացել են մոտ 20 դրամով, դա կազմում է շուրջ 5 տոկոս: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ևս ամբողջությամբ ձեռքբերման գներով է պայմանավորված»:
Թանկացումների հարցն այսօր քննարկվում էր ԱԺ տնտեսական հանձնաժողվում: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, բենզինի թանկացմանն անդրադառնալով, չհամաձայնեց այն պնդմանը, թե ոլորտում ներմուծման սահմանափակում չկա: Ասաց, որ կան ընկերություններ, որոնք խնդիրներ են ունեցել վառելիք ներկրելու հարցում, մինչդեռ շուկայի 94 տոկոսը սպասարկվում է միայն երկու ընկերությունների՝ «Ֆլեշի» և CPS-ի կողմից: Շաբոյանը խոսատացավ ուսումնասիրել հարցն ու եզրակացություն տալ:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ կասկած հայտնեց, որ միջազգային գները կարող էին Հայաստանում նման ծավալների թանկացման բերել․ բացի կարագից, մսից, բենզինից, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից, կտրուկ թանկացել է նաև շինանյութը, մասնավորապես, ամրանը: Սա, ըստ Մելքումյանի, տարվա վերջում բյուջեն լցնելու միջոց է: