Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս Իրան կատարած այցի ժամանակ հանդիպում էր ունեցել Իրանի նավթի փոխնախարարի հետ ու նրա հետ քննարկել իրանական գազ գնելու, նաև թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հետ կապված հարցեր: Այսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետից «Ազատությունը» փորձեց տեղեկանալ՝ կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Մենք ասուլիս ենք տալու, կպատասխանենք: Շատ լավ, շատ հեռանկարային ծրագրերով ենք եկել Իրանից»,- միայն պատասխանեց վարչապետը:
Վերջին օրերին շատ է քննարկվում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների կտրուկ թանկացման հարցը: Կառավարության ղեկավարին հարց ուղղեցինք՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Նախևառաջ՝ թանկացումներն այդքան շատ չեն, ինչքան ներկայացնում եք: Կարագն է, բենզինն է, մսամթերքը 10 տոկոսով և ձուկը: Բայց շատ ապրանքներ կան, որոնց գները նաև նվազել են (ձեթ, հնդկաձավար, բրինձ):
Ինչ վերաբերում է արտաքին շուկաներին, օրինակ՝ կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոսով է թանկացել (Հայաստանում), այն դեպքում, երբ միջազգային շուկայում 87 տոկոսով է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք: Մենք չենք կարող այդ գները զսպել: Այլ խնդիր, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել: Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետն այսօր Գյումրիում մասնակցում էր «Կումայրի պատմական միջուկի վերականգնման» ծրագրով վերանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը: Փողոցում այժմ ոչ գազի խողովակ կտեսնես, ոչ էլ էլկտրական մալուխներ: Ռուսթավելի փողոցն այժմ հին Ալեքպոլն է հիշեցնում՝ նորի համադրությամբ: Գյումրեցիներն այսօր ավանդական ադաթով՝ դհոլ-զուռնայով ու ֆայտոնով դիմավորեցին Երևանից ժամանած հյուրերին:
Ռուսթավելի փողոցում կատարված աշխատանքներից վարչապետը գոհ էր: Ծրագիրը շարունակություն է ունենալու, այլ փողոցներ էլ են վերանորոգվելու: Վարչապետի ընտանիքն, ի դեպ, 500 հազար դոլարի ներդրում է անելու Գյումրիում՝ արդեն մեկ շենք է գնել, որտեղ այժմ շինարարություն է ընթանում:
Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ եթե հաջորդ տարի շարունակի պաշտոնավարումը, ներդրումները Գյումրիում կշարունկվե՞ն: «Եթե նույնիսկ չշարունակեմ [պաշտոնավարել], ներդրումները շարունակական են լինելու»,- խոստացավ Կարապետյանը: