Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի հերթական թեժ քննարկումը, այս անգամ՝ ՓՊ-ում


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»՝ բուռն քննարկումներ հարուցած օրինագծի վերաբերյալ Փաստաբանների պալատի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ ազատամարտիկ Սամվել Ղազումյանը հորդորեց հրաժարվել նախագծից, այլապես, նրա խոսքով, Հայաստանում «նոր «Սասնա ծռեր» կլինեն»։

«Խնդրում եմ՝ ներկաները նենց անեն, որպեսզի «Սասնա ծռեր» նորից չստեղծվեն, բայց թիրախը կլինի Դավիթ Հարությունյանի տունը և արդարադատության նախարարությունը, կաշառքները երևի հիմնականում էնտեղ էլ տվել են»,- ասաց Ղազումյանը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ տպավորությունն այն է, որ օրինագծին դեմ արտահայտվողներն իրենք իրենց համար են անհանգստանում, քանի որ բռնություն են գործադրում իրենց ընտանիքներում: Պետրոսյանը կոչ արեց հրաժարվել բռնության մտքից: «Դա նաև կբերի այն բանին, որ այդ նույն տղամարդը, որը շատ հաճախ սիրել է ձեռք բարձրացնել կնոջ կամ երեխաների վրա, ինքն իրեն ավելի սթափ կպահի, ավելի զգույշ կլինի: Դուք պետք է այդ տեսակետից նայեք օրենքին, ոչ թե այստեղ խոսեք, թե «Սասնա ծռեր» կգան, ինչի՞ համար: Վերացրեք ձեր մեջ այդ բռնության միտքը»,- հորդորեց փաստաբանը: Նրա ելույթից հետո ընդդիմախոսները վերջինիս մեղադրեցին կաշառակերության մեջ, պնդելով՝ փաստաբանը փող է ստանում օրենքի նախագիծը պաշտպանելու համար։

Ըստ վիճակագրության, Հայաստանում ընտանեկան բռնության ամենաշատ դեպքերն արձանագրվել են 2015 թվականին (784 դեպք)։ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով՝ այդ թիվը Հայաստանի բնակչության թվի հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ խնդիրը վերաբերում է բնակչության միայն 0,028 տոկոսին։ Այվազյանը ներկայացրեց օրենքն ընդունած երկրներից Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը, փորձելով ներկաներին ապացուցել, որ այդ փաստաթուղթն ընտանեկան բռնության կանխարգելում չի ենթադրելու, ավելին՝ վկայաբերված տվյալների համաձայն, Բրիտանիայում ընտանեկան բռնության դեպքերն աճել են:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, և քնննարկման ժամանակ բարձրացված հարցերը ներառվելու են Արդարադատության նախարարությանը ներկայացվելիք փաթեթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG