Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Բրյուսելում մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, այսօր՝ հոկտեմբերի 18-ին Սահակյանը Բրյուսելում մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Բակո Սահակյանը նշել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ:

«Չափազանց կարևոր է, որպեսզի կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ և ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ», - ընդգծել է ԼՂ նախագահը:

Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Լեռնային Ղարաբաղին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը՝ տարբեր ատյաններում ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:

«Միջոցառման ընթացքում նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին», - ասված է հաղորդագրությունում:

Համագումարին ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG