Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու գործով առայժմ մեղադրյալ չկա, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։
ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մոտ 4 ամիս առաջ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ծեծի մասին բարձրաձայնած «Սասնա ծռեր» զինված խմբի 4 անդամները տուժող են ճանաչվել և կատարվում են լայնածավալ գործողություններ՝ մասնավորապես հարցաքննություններ, առերեսումներ։
Նախաքննությունը դեռ պարզում է՝ արդյո՞ք հունիսի 28-ին դատարանի նկուղում «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի և Մխիթար Ավետիսյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, թե՞ ոստիկանները համաչափ ուժ են կիրառել։
Քննչական մարմինը չի մանրամասնում, թե ինչն է պատճառը, որ դատարանի նկուղում տեղի ունեցածից ամիսներ անց մեղադրյալները հայտնի չեն՝ այն դեպքում, երբ հենց նույն օրը Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող 4 անդամները մատնանշել էին իրենց ծեծի ենթարկած անձանց, այդ թվում ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին։
«Միայն Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համոզված էին, որ գործը կոծկվելու է, հակառակ դեպքում ուղեկցող գումարտակի հրամանատար Ղազարյանի ծառայողական պարտականությունները դադարեցված կլինեին, ինքն էլ մեղադրյալի կարգավիճակով կհարցաքննվեր։
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործով չկա մեղադրյալ, կասկածյալ, թեև դա շատ հեշտ կարելի էր բացահայտել», - պնդեց Պապիկյանը: - «Պետությունը, իշխանությունը որոշել է այս անձանց հովանավորել, նրանց կատարած հանցավոր արարքները թաքցնել, հետագայում պարզել, որ նրանց կողմից կատարված գործողությունները, անձանց բռնության ենթարկելը իրավաչափ են եղել, քրեական գործ, որպես այդպիսին, կկարճեն և խնդիրը կավարտվի»:
Հունիսի 28-ին «Սասնա ծռերի» հերթական դատարան նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց: Ոստիկանությունը հաջորդ օրն իսկ շտապեց հերյուրանք որակել այդ հայտարարությունները՝ պնդելով, թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել»։
Դատարանում ծեծի մասին բարձրաձայնած զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի պաշտպաններն արդեն բողոք են ուղարկել Եվրոպական դատարան։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ստրասբուրգ ուղարկած դիմումում մանրամասն նկարագրել են դատարանի նկուղում տեղի ունեցածը՝ այն որակելով խոշտանգում։
«Դատարանը վարույթ ընդունել է այս գործը՝ կոնկրետ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով այս գործի քննությունը, այնպես որ սպասում ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից արձագանքի այս կապակցությամբ», - նշեց փաստաբանը:
Գյուրջյանն ասաց, որ անցած 4 ամիսների ընթացքում միայն հարցաքննել են Եղիազարյանին։ Առերեսումներ ոստիկանների հետ չեն կազմակերպվել։ Փաստաբանը նաև պնդեց, որ ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը երկրորդ անգամ է փորձել բռնություն կիրառել Եղիազարյանի նկատմամբ․ - «Վերջերս երկրորդ՝ լրացուցիչ հարցաքննությունն է կազմակերպվել, բայց արդեն նոր ի հայտ եկած հանգամանքի կապակցությամբ: Սեպտեմբերի 6-ին նույն Արմեն Ղազարյանը, որը շարունակում է այս ամիսների ընթացքում, փաստացի կասկածյալ լինելով, նրանց ուղեկցել, կրկին բռնության սպառնալիք հնչեցրել Գագիկ Եղիազարյանի նկատմամբ և այս կապակցությամբ, սրա մասին հաղորդում տալուց մի ամիս անց, նոր հարցաքննություն է»:
Դատարանի նկուղում տեղի ունեցածին էր անդրադարձել նաև հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել դեպքի առնչությամբ և «պատժել մեղավորներին»։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունը նաև նկատել էր․ - «Քանի դեռ քննություն է իրականացվում, քննության ենթակա որևէ պաշտոնյա չպետք է քրեական գործին և մեղադրյալներին առնչվող որևէ ծառայություն իրականացնի»: