Մատչելիության հղումներ

Վախճանվել է Լևոն Հայրապետյանը


Լևոն Հայրապետյան
Լևոն Հայրապետյան

Այս գիշեր վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը։

Նրա խոսքով, հայրը մահացել է Մորդովիայում՝ կալանավայրում։ Չնայած վատառողջ էր՝ Հայրապետյանը ընդհանուր խցում էր:

Լևոն Հայրապետյանի վերջին ցանկության համաձայն, նրան կհուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։

Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Անցած տարվա ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։

Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել էին դատավճիռը, սակայն անցած տարի հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանն այն օրինական է համարել:

Նույն՝ «Բաշնեֆտ»-ի գործով էր անցնում նաև «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը: Ռուսական աղբյուրների համաձայն՝ այս գործի հիմքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ, «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի և Եվտուշենկովի բիզնես շահերն էին: «Բաշնեֆտ»-ի գործի շրջանակում էին անցած տարի նոյեմբերին ձերբակալել այն ժամանակ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, որի դեմ հարուցված քրեական գործի հիմնական վկան Սեչինն է:

2015-ի հոկտեմբերի 29-ին Լևոն Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը՝ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ: «Որ մենակ մեր գյուղը չզարգանա, այլ զարգանան նաև կողքի գյուղերը, Մարտակերտի շրջանը և ամբողջ Ղարաբաղը», - ասել էր նա՝ համոզմունք հայտնելով, որ իրեն չեն ձերբակալի:

2018-ին Հայրապետյանը պետք է ազատ արձակվեր՝ լրանում էր նրա ազատազրկման ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG