Մատչելիության հղումներ

Թեժ լսումներ ԱԺ-ում՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի շուրջ


Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը խորհրդարանում, 17-ը հոկտեմբերի, 2017 թ․
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը խորհրդարանում, 17-ը հոկտեմբերի, 2017 թ․

Ընտանեկան բռնության կանխարգելման համար առանձին օրենքի անհրաժեշտություն կա: Այսօր այս մասին հայտարարեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ հանրության շրջանում բուռն քննարկումներ հարուցած օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ, պնդելով, որ գործող Ընտանեկան և Քրեական օրենսգրքերը հնարավորություն չեն տալիս կանխարգելել ընտանեկան բռնությունն ու ապահովել բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը:

Ըստ փոխնախարարի, խիստ մտահոգիչ է վիճակագրությունը, որը ներկայացնում է խնդրի «իրական մասշտաբների միայն փոքր հատվածը»: «Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մոտ 47 տոկոսը տեղի է ունենում հենց ընտանեկան միջավայրում: Որոշ մարդկանց համար միգուցե դա մտահոգիչ չէ, սակայն մենք այս խնդիրները մտահոգիչ ենք համարում»,- այսօր խորհրդարանում ասաց փախնախարարը:

Օրինագիծն առանձնացնում է ընտանեկան բռնության 4 տեսակ՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական: Սրանցից հատկապես երկուսի՝ տնտեսական և հոգեբանական բռնության դասակարգումների շուրջ թեժ քննարկումներ ծավալվեցին: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում էր տնտեսական բռնության սահմանումը: Գևորգ Պետրոսյանը նկատեց․ «Տնտեսական բռնությունը մեր իրականության մեջ նորույթ է և մի տեսակ հասկանալի չէ»: Արդարադատության փոխնախարարն արձագանքեց․ «Որ փող չտան՝ գնա խաղատուն, դա իհարկե տնտեսական կամ հոգեբանական բռնություն չէ: Տնտեսական բռնության մասով հստակ ամրագրված է՝ այն համապատասխան անձին բնակարանից, սնունդից և կյանքի ու առողջության համար անհրաժեշտ այլ պարագաներից զրկելն է»:

Լսումները կազմակերպած՝ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց՝ եթե 1 միլիոն աղքատ ունեցող երկրում ծնողը չի կարողանում ապահովել իր երեխայի նորմալ սնունդը, արդյո՞ք դա ընտանեկան բռնություն է համարվելու: «Մեր երկրում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ չեն կարողանում, և այստեղ մեղավորը ոչ թե ընտանիքն է, այլ իշխանությունը»,- ասաց Զոհրաբյանը: Փոխնախարար Վիգեն Քոչարյանը պատասխանեց․ «Զրկել եզրույթը ենթադրում է, որ այդ ամենն առկա է, և ինչ-որ մեկը դիտավորությամբ դրանից զրկում է»:

Ինչպե՞ս են պաշտպանվելու ապաստարաններում հայտնված երեխաների իրավունքները, հարցրեց օրինագծի ընդդիմախոս՝ «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը: Արդարադատության փոխնախարարը հստակեցրեց՝ երեխան առանց ծնողներից որևէ մեկի ապաստարանում չի կարող հայտնվել, իսկ ապաստարանում գտնվողներն էլ ամեն պահի հնարավորություն և իրավունք ունեն լքել այն:

Այսօրվա լսումների ժամանակ խոսեց նաև 9 տարի շարունակ ընտանիքում բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ քննարկվող օրինագծի ընդունման դեպքում իր նման կանայք կիմանան՝ ուր գնալ և ում դիմել իրենց և զավակների անվտանգությունն ապահովելու համար, «ու չհանդիպել այնպիսի խոչընդոտների, որոնց ես հանդիպեցի․․․»:

Արդյո՞ք հայրական ապտակը բռնություն է համարվելու, լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան, փոխնախարարը նշեց՝ օրենքում բերված ձևակերպումներն այդ կերպ չեն մեկնաբանվում: Ծեծի և ապտակի տարբերությունը, ըստ Վիգեն Քոչարյանի, արդեն իսկ նկարագրված է գործող օրենսգրոքվ, անգամ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում այն մասին, որ մեկ ապտակը ծեծ չի համարվում: «Չէ՞ որ ֆորմալ առումով սա [քննարկվող օրիագիծը] էականորեն չի տարբերվում այն կարգավորումներից, որ օրենքի մեջ ունենք»,- ասաց փոխնախարարը:

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ունենալուն կողմ հանդես եկող «Կանանց ռեսուրսային կենտրոնի» իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը շեշտեց՝ ընտանեկան բռնության համար պատիժը չի խստացվում, միչդեռ այդ կերպ կանխարգելումն ավելի արդյունավետ կլիներ: «Մեր պրակտիկայից ելնելով, օրինակ, ընտանիքում տարիներ տևող ծեծի դեպքում կիրառվում է ընդամենը տուգանք, և դա անպատժելիության մթնոլորտ է ստեղծում»,- ասաց Փիլիպոսյանը: Արդարադատության փոխնախարարը չհամաձայնեց, ասելով՝ չեն կարծում, որ պատիժների խստացումն արդյունավետ կլինի:

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն իր ելույթում օրինագծի ընդունումը կարևոր համարեց, «որպեսզի օգնենք զոհերին, երեխաներին, կանանց, ինչու չէ՝ նաև այն անձանց, որոնք բռնություն են գործադրում»: Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ հավելեց՝ օրենքի առկայությունն ավելի մեծ օգուտ կտա, քան դրա բացակայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG