Լոռու մարզի Ախթալա քաղաքի նախկին համայնքապետ Սուրեն Թամազյանը, ով նոյեմբերի 5-ի տեղական ընտրություններին կրկին թեկնածություն է առաջադրել, համոզված է, որ Հանրապետական կուսակցության անդամակցությունը պարտադիր է գործող համայնքապետերի համար․ - «Միանշանակ տենց ա: Եթե համայնքի ղեկավարը հանրապետական չեղավ, չի կարա աշխատի։ Հանրապետական ղեկավարը հետո պետք ա աշխատի Հանրապետականի համար։ Ո՞նց կարան դեմ գնան Հանրապետականին․․․ ով էլ գնում ա, չի շահում, համենայն դեպս»։
Այդուհանդերձ պնդեց, թե ընտրվելու դեպքում չի անդամակցելու ՀՀԿ-ին․ - «Ինչքան կաշխատեմ՝ կաշխատեմ, ինչքան կթողան՝ կաշխատեմ»։
12 տարի Ախթալան ղեկավարած նախկին քաղաքապետը, ով պաշտոնը թողնելուց հետո ինքնակամ հրաժարվել է նաև ՀՀԿ-ի անդամատոմսից, պնդում է, թե կուսակցական կոնկրետ պահանջներ կան համայնքապետերի համար․ - «Քարոզարշավ տանել Հանրապետականի համար, մարդկանց վախացնել, կանչել, ասել՝ աշխատանքից կազատեմ․․․ իշխանական լծակները ո՞նց են աշխատում. կա՛մ փող են բաժանում, կա՛մ էլ ում փող չեն տալի, ինչ-որ մի տեղ աշխատում ա, սպառնում են, որ աշխատանքից կհանենք»։
Սուրեն Թամազյանը Ախթալա քաղաքը ղեկավարել է 1996 թվականից։ Հանրապետական կուսակցությանն անդամակցել է քաղաքապետ եղած տարիներին։ Բայց 2008 թվականի ընտրություններին կուսակցությունը պաշտպանել է ոչ թե գործող քաղաքապետին, այլ նախկին պաշտոնյա, պետական միջոցների յուրացման համար դատապարտված Վազգեն Խաչիկյանի եղբորը՝ Հայկազ Խաչիկյանին, ով էլ մինչև օրս ղեկավարում է քաղաքը։
Թամազյանի համար անհասկանալի է Հանրապետական կուսակցության դիրքորոշման փոփոխությունը․ - «Հիմնականում համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատվում ա, ասենք, իշխանական թևին ձայներ տալու չափով: Ես էլ միշտ լավ ձեներ եմ տվել, միշտ իմ մոտ նորմալ ա եղել։ Իմ պրոբլեմները սկսվեցին Խաչիկյան Վազգենի հայտնվելուց հետո։ Երբ որ նա որոշեց, որ իրա ախպորը քաղաքապետ դարձնի, այ դրանից սկսեց։ Ինքն ու Սերոբ կար՝ մանկապիղծ, կհիշեք, միացան իրար ու կարացին, այսպես ասած, ինձ գործից դուրս անեն»։
Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց վարչական ռեսուրսների չարաշահման, սպառնալիքների, ինչպես նաև իր եղբայր Վազգեն Խաչիկյանի՝ ընտրական պրոցեսներին միջամտելու մասին Սուրեն Թամազյանի պնդումները։
10 տարի առաջ Սուրեն Թամազյանի պաշտոնավարման տարիներին նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց պաշտոնեական դիրքը չարաշահելով տեղական բյուջեի հաշվին շուկայականից բարձր գներով «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։
Թամազյանը դա համարում է իր գլխին սարքված գործ․ - «Մի հատ գործ սարքեցին վրիս, տեսան ուրիշ բան չեն կարում անեն՝ քաղաքապետարանի համար մեքենա էի առել։ Հա, մինչև էս վերջերս էդ բանը գնում ա դեռ։ Էդ մեքենան մինչև էսօր քշում են իրանք, էդ քաղաքապետը քշում ա էդ մեքենան: Բայց էնքան բողոքեց, մինչև տունս դրին աճուրդի ու ծախեցին տունս։
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հաստատեց, որ ժամանակին թանկ գներով ձեռքբերված մեքենան շահագործում են, բայց դատարանի որոշմամբ տեղական բյուջեին հասցված վնասի մի մասը հետ է վերադարձվել։
Խոշորացվող Ախթալայի ղեկավարի աթոռի համար նախկին ու ներկա քաղաքապետերի հետ ընտրապայքարի մեջ կմտնի նաև հարևան գյուղի՝ Ճոճկանի հանրապետական գյուղապետ Արկադի Թամազյանը։
Ախթալայի հանրապետական քաղաքապետը իր կուսակցի ինքնառաջադրումը կարգապահական խախտում է համարում․ - «Բնականաբար դա կարգապահական խախտում ա էս առաջադրվածի կողմից, բայց, համենայն դեպս ինձ էդ հարցը չի հուզում»։
Արկադի Թամազյանը հրաժարվեց մեկնաբանությունից։