Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր հնգօրյա այցով մեկնել է Բեռլին` Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի, այցի շրջանակում նախատեսվում է Վեհափառի և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:
Վեհափառ հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:
Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար: