Բարսելոնայում նոր բողոքի ցույցեր են սկսվել, երբ Մադրիդի դատարանը երեկ որոշել է կալանավորել անջատական երկու ազդեցիկ առաջնորդների՝ Ջորդի Սանչեսին և Ջորդի Կույշարտին: Երկուսն էլ առանցքային դերակատարություն են ունեցել հոկտեմբերի 1-ի հանրաքվեի անցկացման ժամանակ, որի արդյունքներով՝ Կատալոնիայի գերակշռող մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին:
Ձերբակալված գործիչները մեղադրվում են հանրաքվեից առաջ՝ սեպտեմբերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ:
«Ցավոք, մենք կրկին քաղբանտարկյալներ ունենք», - դատարանի որոշումից հետո Թվիթերում գրել է Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնը, ով երեկ Իսպանիայի վարչապետին գրած նամակում առաջարկել էր երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել ստեղծված փակուղուց դուրս գալու համար՝ այդպես էլ չհստակեցնելով՝ արդյո՞ք Կատալոնիան անկախություն է հռչակում հանրաքվեի արդյունքներով: