Մատչելիության հղումներ

Թուրքիան և ԱՄՆ-ը փորձում են հաղթահարել վիզային ճգնաժամը


ԱՄՆ և Թուրքիայի դրոշները, արխիվ
ԱՄՆ և Թուրքիայի դրոշները, արխիվ

Թուրքիան և Միացյալ Նահանգները փորձում են հաղթահարել երկու երկրների միջև առաջացած վիզային ճգնաժամը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, երեկ կեսօրից հետո Անկարա է ժամանել ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը՝ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Քոենի գլխավորությամբ։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, ամերիկացի պաշտոնյաներն այսօր հանդիպում կունենան թուրք գործընկերների հետ և կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու ուղիները։

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։ Նա նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն անցյալում շատ փորձություններով են անցել, սակայն վիզային ճգնաժամն աննախադեպ էր։

Բոզդաղը նաև տեղեկացրել է, որ ամերիկյան պատվիրակությունը հարցը քննարկելու է Թուրքիայի արտաքին գործերի, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչների հետ, հույս հայտնելով, որ խնդիրը շուտով կհանգուցալուծվի:

Սառույցը կարծես հալչում է նաև ամերիկյան կողմում. Անկարայում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության համաձայն, ամերիկյան իշխանությունները կշարունակեն մուտքի արտոնագիր տրամադրել առողջական և հումանիտար հրատապ հարցերով վիզայի դիմում ներկայացրած Թուրքիայի քաղաքացիներին: Բացի այդ, վավեր վիզաներ ունեցող քաղաքացիները կարող են շարունակել այցելել ԱՄՆ, իսկ մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողներն էլ կարող են դիմել այլ երկրներում գործող ամերիկյան դեսպանատներ:

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ թուրքական իշխանությունները կալանավորեցին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ անցած տարվա հուլիսյան հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գյուլենական կառույցի վտարանդի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

Ի պատասխան՝ Վաշինգտոնը դիմեց աննախադեպ քայլի՝ դադարեցնելով վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին, ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան՝ դադարեցնելով անցագրերի տրամադրումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին:

Ավելի վաղ երկու երկրների արտգործնախարարների՝ Մևլութ Չավուշօղլուի և Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցի ժամանակ վերջինս խորը մտահոգություն էր հայտնել ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի ու Ամերիկայի մի քանի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ՝ պահանջելով, որ Թուրքիայի կառավարությունը հստակ բացատրություններ և ապացույցներ ներկայացնի նրանց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG