Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարների հանդիպումը։ Կողմերը, սակայն, չեն հստակեցնում, թե ինչ հարցեր են քննարկելու եռակողմ հանդիպման ընթացքում։
Մինչ այդ, երեկ պաշտոնական Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ։
Ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։ Վրաց և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ «նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն իրենց երկրների համար սպառնալիք հանդիսացող միջազգային ահաբեկչության, ագրեսիվ սեպարատիզմի և այլ դրսևորումների դեմ ջանքերի միավորման գործում»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան համոզմունք են հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության հիմք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ռազմական այդ համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014 թվականին՝ Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսի 23-ին՝ Բաթումիում, որտեղ ստորագրվել է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին վերաբերող եռակողմ հուշագիրը։
Ինչպես հայտնի է, հարևան երեք երկրներին միավորում է էներգետիկ մի շարք խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով։