Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի աջակցությամբ կառուցված ու վերազինված հերթական լաբորատորիան բացվեց Մարտունիում


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կտրականապես հերքում է այն լուրերը, թե Միացյալ Նահանգների պաշտպանական կառույցը գաղտնի լաբորատորիաներ է հիմնում Հայաստանում։

Այս մասին ԱՄՆ դեսպանը հայտարարեց այսօր Մարտունիում Առողջապահության նախարարության մարզային լաբորատորիայի բացման ժամանակ, որը կառուցվել ու վերազինվել է ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից։

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կառույցը նպատակ ունի պաշտպանել մարդկանց ու կենդանիներին տարատեսակ վարակիչ հիվանդություններից, և թյուր են լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե Պետդեպարտամետն այստեղ գաղտնի գործունեություն է ծավալում։

Հիշեցնեմ, ամիսներ առաջ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամ ներկայացած 3 երիտասարդ բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ հայտարարելով, որ կառուցվող լաբորատորիաները ունեն ռազմական նշանակություն և վտանգավոր են Հայաստանի համար, քանզի այնտեղ կարող է կենսաբանական զենք արտադրվել։

«Այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այժմ այս կառույցը պատկանում է և շահագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից։ Մեր օգուտը լինելու է միայն այն, որ Հայաստանն ու աշխարհը լինելու է ավելի ապահով, անվտանգ. հնարավոր է դառնալու պաթոգենների հայտնաբերման ուղղությամբ արդյունավետ աշխատանք ապահովել», - հայտարարեց Միլսը։

Մարտունիում գտնվող մարզային լաբորատորիան 3-րդն է Տավուշի ու Շիրակի նմանատիպ կառույցներից հետո։ Առաջիկայում մեկական լաբորատորիայի բացում էլ նախատեսվում է Սյունիքում ու Լոռիում։

Ընդհանուր առմամբ 9 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի շնորհիվ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն արդեն արդիականացված մարզային ճյուղեր ունի։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով, այլևս կարիք չի լինի Երևան հասնել այն կամ այն փորձաքննությունն իրականցնելու համար. - «Հնարավորություն է տալու հետազոտությունների ինչպես ծավալի առումով, այնպես էլ ավելի լայն սպեկտրի հետազոտություններ իրականացնել ինչպես մակաբուծական ոլորտում, մանրէաբանական, հատուկ վտանգավոր վարակների, նաև քիմիական ոլորտում»:

«Ինֆեկցիոն բնույթի բռնկումներ Գեղարքունիքում լինում են հատկապես ամռանը», - ասում է բժիշկ-մանրէաբան Մարետա Դարբինյանը։ 47 տարվա փորձ ունեցող մասնագետը կատակում է՝ նոր սարքը մի քիչ աղմկոտ է, բայց ախտորոշման տեսանկյունից արդարացնելու է բոլոր սպասելիքները. - «Աղիքային հիվանդությունները տարածված են, միշտ էլ հայտնաբերվել են... Ապարատուրան լրիվ նորագույն... ոնց էլ լինի, կլինի տարբերություն»:

Լաբորիատորայում կախտորոշվեն նաեւ կենդանական ծագման վարակիչ հիվանդությունները։ Դաբաղի դեպքեր Գեղարքունիքում ևս հանդիպում են։ Կկատարվեն ջրի ու հողի մանրէաբանական ստուգումներ, հարկ եղած դեպքում` պատվաստումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG