Մատչելիության հղումներ

Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները


«Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահի
բանակցությունները», Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի
խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ ու
ներկայությամբ ընթացած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն ու
Իլհամ Ալիևը առանձնազրույց ունեցան:

Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկավության միջոցների հետ
կապերի վարչության փոխանցմամբ, նախագահների ընդլայնաված կազմով
հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ
Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ),
Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական
ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Ուշագրավ է, որ այս հանդիպմանը նախորդեց երկու նախագահների հեռակա բանավեճը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի», ինչին Բաղրամյան 26-ը հակադարձեց, որ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ բանակցությունների գնալու հայկական
կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում դիրքորոշման փոփոխություն
ղարաբաղյան կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Հիշեցնեմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցային սեղանի շուրջ նստել
էին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո. 2016-ի մայիսին` Վիեննայում, և հունիսին` Սանկտ Պետերբուրգում:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ժնևյան բանակցությունները,
ինչպեսև նախորդները, էական ազդեցություն չեն ունենա հակամարտության
խաղաղ հանգուցալուծման վրա. - «Կարելի է ասել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները «ջրվել են», և այս բանակցությունները, կարելի է ասել, սկսվելու է զրոյից: Այն իմաստոով, որ որոշակի նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, ու կարծես թե ավելի շատ սառած հարաբերությունները, կանգնած բանակցությունները տեղից շարժելու փորձ ա սա լինելու: Մեծ ակնկալիք չի կարող լինել, որովհետև և' Հայաստանում, և' Ադրբեջանում, ինչպես նաև միջազգային այսպես կոչված հարաբերություններում որևէ փոփոխություն չի եղել մեծ հաշվով դիրքորոշումների: Կարծում եմ, ընդամենը կլինի հանդիպում, հանդարտ հայտարարություններ... Բանակցություններ կլինեն կուլիսների հետևում, բայց հանրությունը դրա մասին շատ բան, ինչպես միշտ, չի իմանա»:

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում
կայացել էր Ռուսաստանի նախագահի ներկայությամբ։ Հանդիպումից հետո
համատեղ հայտարարություն էր ընդունվել, որով կողմերը վերահաստատել էին
հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի
առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման իրենց հանձնառությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սանկտպետերբուրգյան հանդիպումից
հետո ընդգծել էր, թե բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է
նախ իրականացնել մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված
պայմանավորվածությունները: Կողմերը Վիեննայում համաձայնություն էին ձեռք
բերել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995
թվականների համաձայնագրերով, համաձայնել էին, որ ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ
քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել շփման գծում տեղի ունեցած միջադեպերը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, վկայակոչելով Վիեննայի և Սանկտ
Պետերբուրգի՝ թղթի վրա մնացած պայմանավորվածությունները, ևս ասում է, որ
որևէ սպասելիք չունի Սարգսյան - Ալիև հերթական բանակցություններից. - «Մինչև այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, ոչ մի բան չի ստացվի: Դժբախտաբար, Ադրբեջանը դեմ ա: Ադրբեջանը ուզում ա իր օրակարգը փաթաթել մեր վզին... Իրենք ասում են` ազատեք տարածքները, մենք նոր կխոսենք: Դա է պառճառը, որ ես մեծ բաներ չեմ սպասում այդ հանդիպումից»:

Քաղաքագետը հիշեցնում է օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծում
ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինվորի մահը՝ պնդելով, որ Ալիևի
իշխանությունը շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերն ու
ձեռք բերված պայմանավորվածությունները. - «Էս հանդիպումը բանակցություն չի... Էս հանդիպումը ինչի՞ համար է... որ միգուցե կողմերը ասեն` եկեք նորից վերականգնենք բանակցային պրոցեսը: Բայց ես կասկածում եմ, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը նախապայմանային է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG