Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից Ղրղըզստանում երեկ՝ հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահի աջակցությունը վայելող, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը։ Նա հավաքել է ձայների 54 տոկոսը։
Ժեենբեկովի հիմնական մրցակիցը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրելի թեկնածու Օմուրբեկ Բաբանովը ստացել է ձայների 33 տոկոսը։
Ընտրություններին մասնակցել է մոտ 1 միլիոն 700 հազար մարդ։ Սա կազմում է ընտրելու իրավունք ունեցող ղրղըզստանցիների շուրջ 56 տոկոսը։
Ղրղըզստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը մեկ ժամկետից ավելի իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը։
Արևմտյան փորձագետները Ղրղըզստանը համարում են Միջին Ասիայի միակ ժողովրդավարական երկիրը։
Հիմնական ինտրիգն այս ընտրություններում դրանց նախօրեին Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահների միջև ծագած սկանդալն էր։ Ղրղըզստանի գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նուրսուլթան Նազարբաևին նույնիսկ մեղադրել էր Ղրղըզստանի ներքաղաքական գործերին խառնվելու մեջ։
Միանշանակ չէր նաև Մոսկվայի դիրքորոշումը: Ռուսական մամուլի համաձայն, Ատամբաևը նույնիսկ առաջարկել է Ռուսաստանին երկրորդ ռազմական բազան տեղակայել Ղրղըզստանում՝ իր թեկնածուին աջակցելու դիմաց: Մոսկվան հրաժարվել է։
Այդուամենայնիվ, Ատամբաևի թեկնածուն հաղթել է ընտրություններին։
Հեռացող նախագահը հայտարարել է, որ հեռանալուց հետո ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնելու։
Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը, մեկնաբանելով երեկ կայացած ընտրությունները, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է. - «Չնայած նրան, որ Ղրղըզստանը համարվում է տարածաշրջանի միակ ժողովրդավարական երկիրը, ընտրությունների ժամանակ իշխանություններն ամբողջովին օգտագործել են ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ապահովելով իրենց թեկնածուի հաղթանակը»։
Փորձագետը նշել է, որ Ժեենբեկովի հաղթանակը լուրջ խնդիրներ կառաջացնի Եվրասիական միությունում։