Մատչելիության հղումներ

Հրկիզվել է Դիլիջանի ազգային պարկի մասնավոր պահակային ծառայության հենակետը


Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում` Դիլիջան ազգային պարկում բնապահպանության նախարարի, Տավուշի մարզի դատախազի, «Պանտերա սիքյուրիթի» ընկերության ղեկավարության և այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որտեղ հայտարարություններ են արվել անտառպահպանությունը խստացնելու և ապօրինի անտառհատումների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու մասին։ Մասնավորապես Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը նշել էր, որ վերջին ամիսներին մի շարք քրեական գործեր են հարուցել ինչպես ծառահատների, այնպես էլ իրենց պարտավորություններում թերացած անտառապահների նկատմամբ։

Վերջին ամիսներին Տավուշի մարզի բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել, անգամ ավտոճանապարհ փակել՝ պահանջելով վերացնել անտառ մտնելու, ծառեր հատելու սահմանափակումները։ Տավուշցիները բողոքում էին, որ անտառամերձ տարածքներում ապրելով, զրկվել են եկամտի միակ աղբյուր դարձած անտառից։ «Ազատությանը» տված հարցազրույցում գյուղացիները պնդում են, թե յուրաքանչյուր անձի անտառից մինչև 8 խորանարդ մետր վառելափայտ տանելու թույլտվությունը ձևական է։

Տավուշցիների բողոքի ակցիաներից հետո բնապահպանության նախարարությունը Դիլիջանի ազգային պարկի հսկողությունը հանձնել է «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր ընկերությանը, որը պարտավորվել է իր 50 աշխատակիցների ու տեսախցիկների միջոցով պայքարել անտառագողերի դեմ։ Ընկերությունը ժամանակակից համակարգերի միջոցով շուրջօրյա և անկաշառ վերահսկողություն է խոստանում, որը, ըստ ընկերության հիմնադիր-ղեկավար Վահե Դարբինյանի, ավելի արդյունավետ կդարձնի անտառի պահպանությունը։

«Մենք ավելի անկաշկանդ ենք այս հարցում, կաշառք և մնացած բաները մեր համար հեռու են: Եթե պատվիրատուն տեսնի, որ մենք վատ ենք իրականացնում մեր պարտավորությունները, մեզանից կհրաժարվի», - պարզաբանեց Դարբինյանը:

Դիլիջան ազգային պարկի բուսական և կենանական աշխարհը պաշտպանելու համար միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ մասնավոր ընկերության աշխատակիցները կստանան միջինը 100 հազար դրամ աշխատավարձ՝ գրեթե կրկնակի ավելի, քան ստանում են պետության կողմից ֆինանսավորվող անտառապահները։

Անտառների պահպանությունն ստանձնած ընկերությունը վստահեցնում է՝ իրենց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինված աշխատակիցների աչքից չեն վրիպի անգամ առանց պետհամարանիշերի անտառ մտնող ապօրինի փայտահատները։ Նախատեսված է պահնորդական ծառայության աշխատակիցներին հետագայում զինել նաև զենք-զինամթերքով, երեկ Դիլիջանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց Վահե Դարբինյանը, ավելացնելով, որ այս գործի համար աշխատակիցներ գտնելը շատ դժվար է եղել. - «Շատ դժվարությամբ, որովհետև բնակչության մեծամասնությունը ընդգրկված են անտառագողության մեջ, դրա համար իրենց միջից ընտրել նրանց, ովքեր ընդգրկված չեն` շատ բարդ է»:

Վահե Դարբինյանը նշեց, որ անգամ ստիպված են եղել հրաժարվել իրենց որոշ աշխատակիցներից. - «Հրաժարվեցինք այդ մարդկանցից, որովհետև իրենք որոշեցին, որ իրենք «լավ տղա» են, պետք է ցուցմունք չտան ինչ-որ միջադեպի կապակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG