Մատչելիության հղումներ

Հրապարակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը


Եվրամիությունը հրապարակել է Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Հայաստանի արտգործնախարարության կայքում էլ հրապարակվել է 357 էջերից կազմված համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Մեկ ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն վերջնականապես ստորագրված չէ: Արտգործնախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ չնայած սովորաբար համաձայնագրերի տեքստը չի հրապարակվում, այդուհանդերձ այս անգամ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է հանրայնացնել ստորագրվելիք փաստաթուղթը:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ համաձայնագրի նախապես հրապարակումը արտառոց չէ, և սա փաստում է, որ եվրոպական կողմը Բրյուսելում ավարտել է փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները:

«Հայկական կողմը պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը հենց գալիք գագաթնաժողովին: Դրա մասին ամենաբարձր ամբիոնից` ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարեց երկրի նախագահը: Հայկական կողմից որևէ խնդիր և խոչընդոտ չկա», - հիշեցրեց Աշոտյանը: - «Եվրոպական կողմի վարչարարությունը բավական բարդ է: Հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրներում քաղաքական, ընտրական ցիկլերը` այդ խնդիրները տեխնիկական կարող են լինել և մենք մեծ հույս ունենք, որ քաղաքական կամք կդրսևորի նաև Եվրոպական միության կողմից, որպեսզի արագացնեն փաստաթղթի ստորագրման համար համաձայնությունների տրամադրումը ազգային մարմինների կողմից»:

Համաձայնագրի 386 հոդվածներից առաջինը, որպես նպատակ նշում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի մասնակցությունը Եվրամիության քաղաքականությանը, ծրագրերին ու աշխատանքներին: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանի խոսքով այս համաձայնագիրը ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար:

«Համաձայնագիրը բացի մաքսային հարցերից մյուս բոլոր հարցերին պրակտիկորեն անդրադառնում է», - մանրամասնեց նա: - «Այսինքն` ինքը սահմանում է այն հիմնական չափանիշները կամ չափորոշիչները, որոնք ընդունվում են երկու կողմերի կողմից` այս կամ այն ոլորտում համատեղ գործողություններ իրականացնելու տեսակետից»:

Համաձայնագրի էներգետիկ համագործակցության և ատոմային անվտանգության բաժնում առանց ժամկետների հստակեցման նշված է, որ անհրաժեշտ է փակել Մեծամորի ատոմակայանը և իրականացնել նոր հզորությամբ դրա փոխարինումը: Անդրադարձ կա նաև Ղարաբաղյան խնդրին․ ճանաչվում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` քաղաքական առումով շատ կարևոր է, որ համաձայնագրով Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի ձևաչափին:

«Սա շատ կարևոր է նաև եվրոպական քաղաքական թատերաբեմում ապագայում կանխելու ադրբեջանական ջանքերը` շեղելու բանակցային գործընթացը ընդունված ձևաչափերից և սկզբունքներից», - մեկնաբանեց նա:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց այս տարեսկզբին: Մինչ այդ Հայաստանը շուրջ չորս տարի Եվրամիության հետ բանակցել էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, սակայն այդ փաստաթուղթն այդպես էլ կյանքի չկոչվեց այն բանից հետո, երբ Հայաստանը 2013-ին ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը: Ասոցացման չստորագրված համաձայնագրի տեքստը նախապես չէր հրապարկվել: Եվրամիության հետ հարաբերություններում մասնագիտացած փորձագետ Միքայել Հովհաննիսյանի կարծիքով ստորագրվելիք փաստաթղթի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացման համաձայնագրում, էականորեն տարբերվում է տնտեսական մասը:

«Իհարկե, հսկայական է տարբերությունը Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի միջև այդ տնտեսական բլոկի ուժգնության տեսանկյունից, որովհետև առևտրի մասով Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, չի ստանում այն հնարավորությունները ու լիազորությունները ազատ առևտրի գոտի մտնելու, որը կարող էր ստանալ, եթե ստորագրեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը», - մանրամասնեց փորձագետը:

Համաձայնագրի տնտեսական մասում Հայաստանը պարտավորվում է քայլեր ձեռնարկել շուկայական տնտեսության զարգացման և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար Եվրամիության չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին պետք է աջակցի Հայաստանին Կենտրոնական բանկի անկախության, գների կայունության, պետության ֆինանսական հուսալիության, կայուն փոխարժեքի և այլ հարցերում: Փաստաթղթում նշվում է նաև կողմերի քաղաքացիների շարժունակության խթանման անհրաժեշտությունը` ինչպես մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրերի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:

Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վերջնական ստորագրումից հետո փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի, ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG