Մատչելիության հղումներ

Ուկրաինայի իշխանությունները Բաքվի պահանջով Կիևում ձերբակալել են ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին


Ուկրաինայի իշխանությունները պաշտոնական Բաքվի պահանջով Կիևի օդանավակայանում ձերբակալել են ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրատ Հուսեյնովին: Այդ մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ուկրաինայի ներկայացուցիչ Օկսանա Ռոմանյուկը:

Պետական սահմանային ծառայությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ պնդելով, թե Հուսեյնովը եղել է «Ինտերպոլի» կողմից հետախուզվողների ցուցակում:

Ակնկալվում է, որ առաջիկա երկուշաբթի Կիևում դատարանը կքննի լրագրողի հնարավոր արտահանձնման հարցը:

Ֆիքրատ Հուսեյնովը Ադրբեջանից հեռացել էր 10 տարի առաջ, երբ նրան առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել: Հարձակման մեղավորները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Վերջին տարիներին նա, ըստ գործընկերների, Նիդերլանդների քաղաքացիություն էր ստացել, ապրում էր այդ երկրում և համագործակցում էր ընդդիմադիր «Թուրան» հեռուստաընկերության հետ:

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով Ադրբեջանն այս տարի զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը՝ 180 երկրների շարքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG