Մատչելիության հղումներ

Երևանի տոնը կայացած է․ քաղաքապետ


Երևանի տոնը կայացած է և երևացիներն ամեն տարի անհամբեր սպասում են այս օրվան, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Հպարտորեն պետք է ասեմ, որ մենք այս տարիների ընթացքում կարողացանք կայացնել այս տոնը և ոչ միայն երևանցիների, այլ նաև Երևանի հյուրերի համար», - նշեց քաղաքապետը:

2799 տարեկան մայրաքաղաքի տոնն առավոտյան մեկնարկեց լոգանքով․ ջրցան մեքենաների շքերթն անցավ Երևանի փողոցներով, լվացվեցին քաղաքի հուշարձանները:

Առավոտյան քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ պարգևների, մեդալների արժանացան:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեցին «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը,հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

«Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով պարգևատրվեցԷրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը:

Կեսօրին արդեն երգ ու պար, ցուցահանդեսներ, ֆլեշմոբներ, կավճանկարչություն, փողային նվագախմբերի տոնական քայլերթ, հեծանվավազք, ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի, տարազի, ավանդական խաղերի տոնահանդես, օդագնացության փառատոն և այլ տոնական միջոցառումներ տեղի ունեցան:

Տոնական զարդարված քաղաքում, որտեղ օր-օրի վեր են խոյանում նորակառույց, բազմահարկ շենքերը, զուգահեռաբար քանդվում ու վերանում են հին շենքերը, ճարտապետներն ու երևանցիները պարբերաբար ափսոսանք են հայտնում՝ մայրաքաղաքը կորցրել է իր դեմքը:

Ընդունելով մտահոգությունների մի մասը՝ քաղաքապետ Մարգարյանը, այդուհանդերձ, մատնանշում է` Երևանի պատմությունը իր մասին արդեն խոսում է. - «Մենք թե՛ պատմությունով ենք ներկայանում, թե՛ մեր եղած Էրեբունի թանգարանով, արգելոցով: Այո՛, անելիքներ շատ ունենք այդտեղ, և թե՛ մեր ճարտարապետության, թե՛ մեր Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման համապատասխան ծառայության կողմից պետք է եղածը պահպանենք և խնամենք»:

Տոնական իր ուղերձում այսօր Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս յուրաքանչյուր երևանցի կշարունակի անել առավելագույնը՝մեջբերում եմ՝ «մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար»:

Բառացիորեն մի քանի օր առաջ, սակայն, Երևանի ավագանու նիստում բացակայում էր այդ ջերմ ու բարի մթնոլորտը: Մասնավորապես,ավագանու հանրապետական անդամ Լևոն Իգիթյանը հայհոյեց ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ելույթից հետո։ Փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ, նախագահի ու քաղաքապետի հասցեին հնչեցված քննադատությունից հետո, «Երկիր Ծիրանիի» անդամներին խորհուրդ տվեց՝ «ռեխները բացելուց առաջ քաղաքապետի անձի և վաստակի հանդեպ հաշիվ տալ»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք հնարավոր է «Երևան, սիրո քաղաք» խորագրով միջոցառումներ կազմակերպել», խոսել մայրաքաղաքի զարգացման մասին այդպիսի լարված մթնոլորտում, քաղաքապետը արձագանքեց․ - «Ես այսօր կուզենամ միայն խոսել տոնական տրամադրությամբ մեր Երևանի մասին, իսկ ինչ վերաբերում է ավագանիներին՝ մենք առիթներ կունենանք ավագանու հետ կապված խոսելու»:

Մայրաքաղաքի տոնական միջոցառումներն այսօր կավարտվեն ուշ երեկոյան՝ դիսկոտեկով և հրավառությամբ: Ի դեպ, այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների վրածախսվել է 80 մլն դրամ։ Անցած տարի ծախսվել էր 65 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG