Լոռու մարզի Մարգահովիտ` հայտնի Համզաչիման գյուղի դպրոցում սովորող աշակերտների թիվը 20 տարում կրճատվել է ավելի քան երկու անգամ. եթե 1997 թվականին այստեղ 840 աշակերտ կար, հիմա ընդամենը`347-ն ունեն:
Դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը կարոտով է հիշում գյուղի երբեմնի աշխուժությունը, ինչ այսօր էլ, թեկուզ քչով, բայց փորձում են պահել։ - «Գյուղի հազարմյակը նշել ենք 1997 թվականին: Այդ տարիներին նշվում էր նաև Մոսկվայի հիմնադրման 850-ամյակը, և տղերքը անեկտոդ էին հորինել, որ Համզաչիմանը Մոսկվայից 150 տարի մեծ էր», - պատմում է նա: - «Դպրոցում սովորում էր 840 աշակերտ, 30 դասարան ունեինք», - հիշում է տնօրենը:
Հազարամյա պատմություն ունեցող գյուղի բնակիչների հիմնական եկամուտը արտագնա աշխատանքն է։ Քիչ չեն նաև գյուղից մշտական հեռացողները։
«Անտերա մնում… երկիրը անտերա մնում», - դժգոհում է Ֆելիքս պապը, ում երեխաները կողքին չեն: - «Ըրեխեքս ընդե ռուսերեն են խոսում: Կարոտը, ազիզ ջան… կարոտից ծանր բան չկա», - ասում է նա:
Տարեց ամուսինները թոռների կարոտը նկարներից են առնում։
«Երկու տղես էլ գնացել ծառայել… եկան` ոչ մեկին գործ չտվին, թողին գնացին Ռուսաստան: Մնացել ենք երկուսով», - պատմում է նա:
Հողագործությամբ զբաղվող այլ գյուղացիների նման Ֆելիքս պապը չի կարողանում իր բերքն իրացնել։ Կարտոֆիլի ամբողջ տարվա բերքը մառանում է, գնորդ չկա:
Բազմաթիվ խնդիրներով հանդերձ` Համզաչիմանն առանձնանում է գյուղի հարուստ պատմությամբ, տաղանդավոր համագյուղացիներով, և ինչպես իրենք են ասում` աշխարհին հայտնի մի քանի անուններով։
«Գյուղը դարձրել էին Բոզգյուղ, և մի կարճ ժամանակ այդ անունը կրելուց հետո` նորից Համզաչիման», - պատմում է գյուղապետ Սամվել Անանյանը: Այժմ էլ գյուղը Մարգահովիտ է կոչվում: - «Ճիշտն ասած մի անգամ որոշել էինք, որ նորից Համզաչիման անվանակոչենք, հետո տեսանք, որ ծախսերի հետա կապված: Հետո, հնարավորության դեպքում, նորից կքննարկենք»: