Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց


Գլխավոր մեղադրյալներից Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանը պահանջեց շտապ օգնություն հրավիրել՝ նշելով, որ իր վստահորդը սաստիկ ցավեր ունի:

Շիրխանյանն ասաց․ - «Դատապարտյալների հիվանդանոցից սայլակով բերելուց աստիճաններից երկու անգամ գցեցին ինձ։ Ցավերն առաջացան դրանից»:

Հայտարարված ընդմիջումից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ շտապ օգնության բժիշկը տեղեկանք է տրամադրել, որ Շիրխանյանն ի վիճակի չէ նիստին մասնակցել:

Վահան Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ: Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), հիշեցնենք, Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Աժ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Նրանցից երկուսն այսօր դատարանում բարձրաձայնեցին իրենց առողջական խնդիրների մասին: Հարություն Սարիբեկյանը, օրինակ, ասաց, որ շուրջ մեկ շաբաթ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով փոխել իր խափանման միջոցը: Սարիբեկյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Սարիբեկյանի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցելու տարիներին իր վստահորդը գլխի շրջանում բեկորային վանսվածքներ է ստացել, դիաբետիկ է, ունի նաև զոբ և արյան բարձր ճնշում: Փաստաբանը նշեց, որ դատարանը մերժել է անգամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ - «Հիմա այլ տարբերակ չի մնում, քան այն, ըստ իմ պաշտպանյալի, որպեսզի հացադուլի միջոցով հասնի նրան, որ խափանման միջոցը փոխվի: Սակայն հայտարարեց ինքը, որ դա է պատճառը, որ ինքը նստել է հացադուլի մեջ: Դատարանը, ինչպես տեսաք, արձագանքեց ուսերը թոթափելով, որ իբր՝ դա ձեր իրավունքն է: Դա հիմք չէ խափանման միջոցը փոխելու: Եթե կա նոր հիմք, կարող եք ներկայացնել: Սակայն էս պահին չունենք նոր հիմք»:

«Ապար» մականունով մյուս մեղադրյալը՝ 70֊ամյա Էդուարդ Ներսիսյանը հեպատիտ C ունի, ազատազրկման այս երկու տարիների ընթացքում բանտում գլխուղեղի կաթված է ստացել: Նրա փաստաբան Կարմեն Պողոսյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր վստահորդը պետք է մի շարք ստուգումներ անցնի, հետևաբար անհրաժեշտ է նրան քաղաքացիական հիվանդանոցում մի քանի օրով հոսպիտալացնել, որպեսզի անցնի այդ ստուգումները: Դատավոր Բեկթաշյանը, սակայն, հղում անելով դատապարտյալների հիվանդանոցից ստացած գրությանը, ասաց, թե հիվանդանոցում տեղ չկա:

«Դատարանը պատասխանեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդ ընդունելու տեղ չունեն: Նման պայմաններում ես հաջորդ դատական նիստին կփորձեմ խափանման միջոցը փոխելու նոր դիմումով հանդես գալ», - ասաց Պողոսյանը:

Մյուս շաբաթ նշանակված հերթական դատական նիստին կսկսվի ապացույցների հետազոտման փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG