Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համաձայնության գալ С-400-ների համատեղ արտադրության շուրջ


Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սերբիայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«С-400-ների հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Առաջին փուլում համատեղ արտադրություն չենք ունենա, սակայն, Աստծո կամոք, երկրորդ փուլում համատեղ արտադրության ուղղությամբ քայլեր կձեռնարկենք», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ С-400-ներից բացի, խոսել են նաև С-500 նոր սերնդի հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարավորության շուրջ:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան կարող է հրաժարվել Ռուսաստանից C-400 համալիրներ գնելու մտադրությունից՝ եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության վերաբերյալ:

Հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի առքուվաճառքի մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել էին անցած օգոստոսին՝ տեղի չտալով ՆԱՏՕ-ի ճնշումներին: Իսկ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան արդեն իսկ մուծել է հրթիռային համակարգերի ձեռք բերման համար անհրաժեշտ կանխավճարը: Այսպիսով, Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունը, որը Ռուսաստանից նման սպառազինություն է գնում:

Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ արևմտյան որոշ երկրներ Մոսկվայի հետ գործարքի գնալու Թուրքիայի որոշումը որակեցին իբրև անարգանք ՆԱՏՕ-ի հասցեին՝ հաշվի առնելով Ուկրաինայի և Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած հակասությունները և C-400-ների՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական այլ համակարգերի հետ ինտեգրման անհնարինությունը:

Արևմտյան որոշ պարբերականներ գրում են, թե Թուրքիան այս քայլով ցանկանում է ցույց տալ, որ Արևմուտքից կախում չունի, և կարող է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից:

Գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը, օրինակ, C-400-ների շուրջ ռուս-թուրքական գործարքը Թուրքիայի կողմից քաղաքական անհնազանդության դրսևորում է որակել:

Այս կարծիքը կիսում են նաև ռուս փորձագետները: «Sputnik»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը նշել է, թե այսպիսով Թուրքիան այլևս չի հետևելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղեծրին և չի ենթարկվելու ՆԱՏՕ-ի որոշումներին: Սիվկովի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության գնալու Թուրքիայի որոշումը մտահոգում է ԱՄՆ-ին, քանզի վերջինս գիտակցում է, որ Թուրքիան ապագայում ավելի անկախ է գործելու:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ևս, հակադարձելով Արևմուտքից հնչող քննադատությանը, հիշեցրել էր Թուրքիայի սուվերեն պետություն լինելու հանգամանքը․ - «Որևէ այլ պետություն իրավունք չունի քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ինքնիշխան և անկախ որոշումները, որոնց նպատակը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG