Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Իշխանափոխությունից հետո արգելելու ենք ՀՀԿ-ի գործունեությունը Հայաստանում


Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ իշխանափոխություն իրականացնելուց հետո արգելելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությունը։

Փոստանջյանի խոսքով՝ իրենք դատարանում ապացուցելու են, որ Հանրապետականը մեծ վնաս է հասցրել Հայաստանին․ - «Հանրապետականը իր նախորդող ՀՀՇ-ն է, որը ամենավատ երևույթները ներառող կոմունիստական կուսակցությունն էր»:

Հանրապետական կուսակցությունում, մինչդեռ, Փոստանջյանի հայտարարությանը չեն ցանկանում արձագանքել։ Իշխող քաղաքական ուժի գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը Փոստանջյանի անունը լսելուց հետո ասաց, թե չի կարծում նա «այն մարդն է ում ասածներին իրենք պետք է արձագանքեն»։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իշխանափոխության միջոցով համակարգային փոփոխությունների հասնելու քայլեր է սկսել։ Շուրջ մեկ ամիս թիմակիցների հետ շրջել է Հայաստանի բնակավայրերում: Այսօր նա ասաց, որ դա առաջին փուլն էր՝ քարոզարշավ-իրազեկումը․ - «Դրանից հետո լինելու է այլ փուլ, դա արդեն համացանցային քարոզարշավն է լինելու՝ տեսահոլովակների միջոցով: Իհարկե, լինելու է երրորդ փուլը, որն իր մեջ ներառում է շրջագայություն աշխարհասփյուռ մեր հայ օջախներով, և այդտեղ մենք նույնպես մեր ցանցը հաստատելու ենք և պայքարը պետք է տանենք ցանցային այդ միջոցներով»:

Այսօրվա ասուլիսում Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանափոխության միջոցով համակարգային փոփոխությունների հասնելու քայլեր են սկսել։

«Ընդվզումը պետք է լինի գիտակցված քայլ, և այդ գիտակցված քայլին ենք պատրաստում հանրությանը», - ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը՝ նշելով, որ առաջին փուլը՝ քարոզարշավ-իրազեկումը, արդեն իրականացրել են Հայաստանի մարզերում: - «Դրանից հետո, իհարկե, լինելու է այլ փուլ․ դա արդեն համացանցային քարոզարշավն է լինելու՝ տեսահոլովակների միջոցով: Եվ իհարկե, լինելու է երրորդ փուլը, որն իր մեջ ներառում է շրջագայություն աշխարհասփյուռ մեր հայ օջախներով, և այդտեղ մենք նույնպես մեր ցանցը հաստատելու ենք և պայքարը պետք է տանենք ցանցային այդ միջոցներով»:

Նրա փոխանցմամբ, մարզային այցելությունների ժամանակ ցավալի պատկեր են ականատես եղել՝ մարդիկ արտագաղթում են, գյուղերը դատարկվում, և սրանում մեղավոր է իշխող կուսակցությունը։ Հարցին, թե այս իրավիճակում իրոք հավատում է, որ հնարավոր է իշխանափոխություն անել, Փոստանջյանն արձագանքեց․ - «Կա երիտասարդություն, որ նաև մեր անկախության տարիքից էլ նույնիսկ երիտասարդ է: Այդ երիտասարդները այլ քաղաքական պահանջներ են հարուցում, այլ քաղաքական պատասխաններ են ակնկալում: Եվ հենց այդ հանրությունն է, որ լինելու է առաջամարտիկը և առաջատարը և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունից դուրս»:

Փոստանջյանը ասաց, որ իրենց երիտասարդ կողմնակիցները Հայաստանի տարբեր քաղաքներում համակարգելու են «ընդվզման համահայկական օրվա» միջոցառումները։ Այդ օրը նախատեսում են դուրս գալ փողոց և սկսել իշխանափոխության գործընթացը:

Թե երբ է այդ օրը՝ Փոստանջյանը այսօր էլ չասաց՝ շեշտելով, որ դա պետք է հանրությունը որոշի, բայց դա պետք է լինի մինչև այս տարվա վերջը։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա կրկնեց, որ գործընկերներ չունեն․ - «Մենք Ազգային ժողով չունենք և գործընկերներ չունենք քաղաքական դաշտում»:

Փոստանջյանը անդրադարձավ նաև օրերս տեղի ունեցած Երևանի ավագանու աղմկահարույց նիստին, որտեղ ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը հայհոյանք էր հնչեցրել: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն ասաց, որ Իգիթյանի գործողություններին իրավապահների արձագանքն են ակնկալում․ - «Իսկ եթե ոչինչ չանեն, մենք ինքներս հասկանում ենք, որ սա արատավոր երևույթ և չի կարելի թողնել անպատիժ: Մենք շատ լավ գիտենք նաև ընթացակարգերը, թե ինչպես պաշտպանել մեր իրավունքները»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն արատավոր երևույթ է համարում Իգիթյանի արարքը: Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ ավագանու Հանրապետական անդամին պետք է «պատժել դատարանով, կամ ուղարկել բուժման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG