Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում, հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Ադրբեջանի կողմից սահմանին պարբերաբար իրականացվող ագրեսիվ գործողությունները լավ հիմք չեն նախագահների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքների համար, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: - «Հազիվ թե կարելի է ակնկալել մոտակա ժամանակահատվածում իրենց քաղաքականության վերանայում, բայց բոլոր դեպքերում սպասենք, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները և գուցե և որոշակի անակնկալներ լինեն», - նշեց նա:
Նահապետյանը բացառեց, որ առաջիկայում կարող է բանակցվել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: - «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ի պատասխան Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր, թե նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս և այդպիսով խուսափել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց:
Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանն այսօր վերահաստատեց՝ Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ստեղծվեն սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ, ինչպես նաև կատարվեն նախագահների նախորդ հանդիպումներում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները:
«Հուսով եմ, որ առաջիկայում՝ այդ հանդիպման ժամանակ, քննարկման առանցքում կլինեն այդ հարցերը», - նշեց Նահապետյանը: - «Մենք հետևողական ենք մեր մոտեցումներում»:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Արմեն Աշոտյանը երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել էր՝ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Հայաստանի նախագահը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:
«Քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր, անվտանգ միջավայր, միջադեպերի հետաքննության միջավայր, ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիթորինգային ավելի մեծ լիազորություններ, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ», - նշել էր Աշոտյանը: - «Այսինքն՝ վերականգնել այն բոլոր կորցրած թույլ, բայց այնուհանդերձ գոյություն ունեցող կորցրած հավատի թելերը մեր հարևանների նկատմամբ, որոնք կային մինչև ապրիլյան պատերազմը»:
«Չեն կարող լինել բանակցություններ քանի դեռ սահմանին կրակում են, նախ պետք է խաղաղության հարցը լուծել», - վստահ է քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը: - «Կա մեկ հարց՝ կա՛մ պատերազմ, կամ բանակցություններ: Եվ Հայաստանը պետք է այստեղ շատ խիստ այդ հարցը դնի»:
Երկու օր առաջ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչիում նույն սեղանի շուրջ էին գտնվում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև առանձին հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: Իշխող ուժի փոխնախագահն ասաց, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպում պարզապես նախատեսված չէր:
«Կարծում եմ՝ ավելի շատ լրատվական դաշտի որոշ գործիչներ էին ստեղծել ակնկալիք, որ այդ հանդիպումը կարող է կայանալ Սոչիում: Իրականում հանդիպման ձևաչափի առաջարկողը Մինսկի խմբի համանախագահներն են՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, հետևաբար այստեղ որևէ ինտրիգ անիմաստ է փնտրել, թե ինչու չկայացավ Սոչիում այդ հանդիպումը: Չկայացավ, որովհետև նախատեսված չէր ի սկզբանե», - այս առնչությամբ մեկնաբանեց Արմեն Աշոտյանը:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: