Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:
Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:
Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը: