Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրում է Շիրակի պետական համալսարանի դասախոսների բաց նամակը ուղղված նախագահին ու վարչապետին: Բաց նամակում դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը, հիշեցնենք պնդում էին, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը ապօրինություններ ու չարաշահումներ է թույլ տալիս: Ինքը՝ ռեկտորը այդ մեղադրանքները հերյուրանք էր որակել:
«Բաց նամակը հիմք է հանդիսացել Դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը: - «Քրեական գործ հարուցելու համար մեզ պետք են առիթ և հիմքեր: Երբ կունենանք առիթ և հիմքերը՝ օրենքով սահմանված, մենք այդ հարցը կքննարկենք», - հավելեց նա:
Այնինչ բաց նամակի համահեղինակ Գագիկ Համբարյանն ասում է, որ բազմաթիվ են օրինակները, երբ մամուլում նույնիսկ մեկ հոդվածը բավարար է եղել դատախազության կողմից քրեական գործ հարուցելու համար: Համբարյանը պնդում է, որ դատախազը այս հարցում կաշկանդված է: - «Արդեն 10 օրից ավելի է անցել, ամեն ինչ արվում է, որպեսզի ծածկադմբոցի արվի», - պնդեց Համբարյանը:
Կրթության ու գիտության նախարարությունը ավարտել է բուհում ստուգումները և այժմ սպասում են, թե ինչպիսին կլինի եզրակացությունը: Դրանից էլ պարզ կդառնա, թե դատախազությունը ինչ քայլերի կդիմի:
Գագիկ Համբարյանը շարունակում է պնդել, որ ռեկտոր Սահակ Մինասյանը գումարներ է փոշիացնում․ - «Երբ որ նույն քաղաքապետարանը կարող էր 32 միլիոն դրամով երկհարկանի շենք վերանորոգել, իսկ պարոն Մինասյանը 25 միլիոն դրամով մի փոքրիկ բուֆետ է վերանորոգում․․․ երբ Գյումրիում 220 հազար դոլարով կարելի է քաղաքի կենտրոնում 4-5 հատ երկհարկանի, բավական լավ վերանորոգված և նոր կառուցված տներ գնել, պարոն Մինասյանը այդ ահռելի գումարով ընդամենը մի դահլիճ է վերանորոգում․․․ ուրեմն սրա վերաբերյալ ոչ մի գործ չի հարուցվում»:
Շիրակի դատախազը մի քանի անգամ հայտարարեց, որ հանցանք կատարած յուրաքանչուր անձ պատասխանատվություն կկրի՝ անկախ նրա ով լինելու հանգամանքից: