Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:
Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը:
Նախատեսվում է երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները:
Արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի մեկ կամ երկու փոխադրող, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:
Օրինագծով առաջարկվում է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան:
Նախատեսվել է նաև երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ:
Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ստեղծվում է տրանսպորտային նոր ցանցը կարգավորող օրենսդրական դաշտը:
«Մենք ուզում ենք առաջարկել այնպիսի տրանսպորտային ցանց, որի շնորհիվ ոչ մի բնակավայր դուրս չի մնա քարտեզից: Լոտեր կստեղծենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերին կհամախմբենք, որպեսզի բիզնեսի համար այն դառնա շահավետ: Նախատեսում ենք նաև երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի երկարատև աշխատանք ունենալու հարցում և ներդրում կատարի», - ասաց վարչապետը:
Ի պատասխան ցանցի ներդման ժամկետների մասին հարցի՝ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախ մարզերից մեկում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփելուց հետո քայլեր կձեռնարկվեն այն ողջ հանրապետությունում ներդնելու ուղղությամբ:
Ըստ նախարարի, պիլոտային ծրագիրը կիրականացվի մոտակա երկու-երեք ամիսներին, իսկ ցանցի ներդրման համար կպահանջվի մեկ տարի:
Վարչապետը հորդորեց ցանցի ներդրման նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։
«Առաջին եռամսյակի ավարտին, պիլոտային ծրագրերի արդյունքների հիման վրա, ամբողջ ցանցը պետք է նայենք: Նայելու ենք նրա տրամաբանությանը, գործող պայմանագրերը, ժամկետները և հայտարարելու ենք, թե ինչպիսի ցանց է լինելու, ինչպիսի ներդրողներ ենք ունենալու, ինչ հնարավորություններ է այն ունենալու», - ասաց վարչապետը։